
Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հրապարակում հավաքված քաղաքացիները «Նիկոլ՝ վարչապետ», «Մենք ենք տերը մեր երկրի» և այլ վանկարկումներով ողջունեցին Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը ողջունեց ժողովրդին և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
«Այսօր՝ այս հրապարակում, այս գարնան առաջին օրը եկեք լիցքավորենք միմյանց դուխով, հաղթանակով ու լավատեսությամբ: Կլինեն շահարկումներ այն մասին, թե այս հրապարակում մարդիկ բերված են: Այդ հարցին պատասխանելու մի ձև կա. առաջին շարքից մինչև վերջին շարքը ցույց տանք, թե ինչպես եք հաղորդակցվում հարթակի հետ, ցույց տանք, թե ինչպես ենք եղել ու կանք միասին՝ որպես ՀՀ հպարտ ու դուխով քաղաքացիներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: