«Մենք այսօր քննարկում կիրականացնենք շահագրգիռ գերատեսչությունների հետ, որպեսզի թիրախային վերահսկողական միջոցառումների մասով ուժեղացում իրականացնենք, և ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություններ ենք ունեցել դա անելով ամռանը, նաև աշնանն ենք կարողացել դիմանալ: Հույս ունեմ՝ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ լրացնելով նախարար Ավանեսյանի խոսքը:

Վարչապետն էլ հետաքրքրվեց, թե ինչ նորություններ կան պատվաստանյութերի հետ կապված, ինչին արձագանքեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Աշխատանքներն ընթանում են, բանակցությունները շարունակվում են, պրոցեսների որոշակի ընդհանուր դանդաղում կա, բայց մենք մեր գործընկերների, մեր այլ երկրների գործընկերների հետ փորձում ենք ճնշում բանեցնել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունը ապահովվի: Հույս ունենք, որ գարնան ընթացքում մենք պիտի առաջին խմբաքանակը ունենանք: Ռուսական կողմի հետ էլ բանակցությունները ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքման փուլում է, ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը:

Ավանեսյանի խոսքով` պատվաստանյութի ներմուծման գործընթացին զուգընթաց էլ մենք դեռ պիտի պահպանենք դիմակների կրումը: «Դա մեր որոշումը չէ, այդ համընդհանուր մոտեցումը մենք պիտի պահպանենք: Մի այսպիսի թյուրըմբռնում էլ կա. եթե անձինք վարակվել և լավացել են, նրանք ավելի դժկամությամբ են կրում դիմակներ: Բայց մենք որևէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ այլ շտամներով նրանց կողմից վարակումը բացառվում է»:

Նախարարը խնդրում է անգամ վարակված և առողջացած քաղաքացիներին, որպեսզի պահպանեն կանոնները:

1273