Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունեց Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է  գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար, դրանք հիմնականում ճանապարհային երթեւեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկման են վերաբերում:

«Այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, բանավոր քննության կարիք չկա, կարելի է բավարարվել գրավոր քննությամբ»,- ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ մարդիկ, որոնք վիճարկել են ճանապարհային կանոնների խախտման համար իրենց նկատմամբ կայացված ակտերը, կարող են միայն փոստով ուղարկել հայցը եւ ներկա չգտնվել նիստին, քանի որ դատական նիստերը կանցկացվեն գրավոր ընթացակարգով:

«Վարչական դատարանում և Վարչական վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ, ինչի արդյունքում տվյալ դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում և հնարավոր չի լինում երաշխավորել գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը: Գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

667