Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում և քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական նպատակը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում 2020 թվականին կատարված փոփոխությունների քննարկումն էր, դրանից բխող համապատասխան միջոցառումները, հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականությանը վերաբերող հարցերը։

ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը նշել է, որ հասարակական կազմակերպությունների ոլորտում բարեփոխումներն առարկայական են դարձել՝ շնորհիվ համատեղ քննարկումների։ Օրենսդրության փոփոխություններով պայմանավորված` ՊԵԿ նախագահի 2020 թ. մայիսի 27-ի 477-Ն հրամանով հաստատվել է հաշվետվությունների լրացման և հրապարակման կարգը։ Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետի խոսքով՝ հասարակական կազմակերպությունների կողմից հաշվետվության հրապարակման պահանջի հիմքում հանրությանը նրանց գործունեության մասին իրազեկելն է։ Ղազարյանը նաև նշել է, որ շատ հասարակական կազմակերպություններ չունեն համապատասխան հարթակ ու միջոցներ հաշվետվության պատշաճ հրապարակման համար, և այս դեպքում՝ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (https://file-online.taxservice.am) անվճար  հրապարակելու հնարավորություն է տալիս։ 

Հանդիպման ընթացքում ՊԵԿ մասնագետները պատասխանել են կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, ինչպես նաև պարզաբանումներ են տվել հաշվետու տարվա հաշվետվությունների հրապարակման ժամանակահատվածի, ծրագրային, աուդիտի իրականացման և ներկաներին հուզող այլ խնդիրների մասին։

Կառուցողական երկխոսության արդյունքում ամբողջացվել են կոմիտեի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս նման քննարկումները դարձնել շարունակական, համատեղ աշխատանքի միջոցով մշակել քննարկված հարցերի առավել արդյունավետ լուծումները:

www.1lurer.am

282