«Սևանում օդանավակայան կառուցելը դեռ գաղափարի մակարդակում է: Ես պետք է տնտեսագետների, որոշ մարդկանց հետ միս ու արյուն տամ ու ներկայացնեմ կառավարությանը»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, պարզաբանելով, թե երբ է պատրաստվում Սևանում օդանավակայան կառուցելու իր առաջարկը ներկայացնել գործադիրին:

«Ես գտնում եմ, որ բոլոր ռեսուրսները կօգտագործվեն, այդ թվում և մարդկային: Կարծում եմ` Սևանում, որպես հանգստյան գոտի, մասնավորապես գաստրոնոմիական հանգիստ կազմակերպելու համար,  հաշվի առնելով  մեր մթերքի, մրգի և մսամթերքի բարձրագույն որակը, կարելի է ներգրավել տուրիստների և զարգացնել այդ ուղղությունը»,- ասաց Աղազարյանը:

Պատգամավորի խոսքով` խոսքը փոքր օդանավակայանի մասին է, որտեղ կարող են վայրէջք կատարել մինչև 100-տեղանոց ինքնաթիռներ, որոնք կժամանեն Հայաստան` հենց այդ օդանավակայան, մեր հարևան երկրներից. «Ասենք` մեր մերձավոր որևէ երկրում ինչ-որ մեկն ուզում է երկու օրով ակտիվ հանգիստ անցկացնել Հայաստանում: Դրա համար ինքը կտրամադրի ընդամենը մեկ ժամ գալու, մեկ ժամ գնալու համար, և հանգստյան օրերը ռացիոնալ կօգտագործվեն»,- օրինակ է բերում պատգամավորը և նշում. «Սևանում օդանավակայան ասելով նկատի չեմ ունեցել հենց Սևանին կպած, այլ ասենք՝ Հրազանից Սևան տարածքում, որտեղ հարմար կլինի»:

Պատգամավորը կարծում է, որ այս օդանավակայանի կառուցումը ուղերձ կլինի նաեւ ներքին ու արտաքին ներդնողների համար. «Երբ  ասում եմ Սևանում օդանավակայան կառուցել, ես նկատի չունեմ անպայման պետությունը կամ կառավարությունը 100-տոկոսանոց սեփականատեր լինի, համոզված եմ, որ կլինեն ներդնողներ, որոնք օդանավակայանի կառուցմանն էլ կմասնակցեն, և սա կլինի ուղերձ ներքին և արտաքին ներդնողների համար: 

Պատգամավորից հետաքրքրվեցինք, արդյոք ինքը համոզված է, որ կառավարությունը հավանություն կտա այս առաջարկությանը, Աղազարյանն ասաց, որ ինքն այդ համոզվածությունը չունի. «Գիտեք ինչ, ես չեմ կարող ասել, որ համոզվածություն ունեմ, բայց եթե հաշվարկներն ու հիմնավարումները լինեն փաստարկված, ապա կառավարությունը պետք է մերժի նույնպես փաստարկված: Կգա այդ օրը, կքննարկենք էլի այդ հարցը»: 

Հայկ Մագոյան

1220