Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով չի մասնակցի Ստոկհոլմում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Այդ տեղեկությունը ArmSport-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։ Նա մեծ ափսոսանքով հայտնեց, որ Անաստասիան ոտնաթաթի վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Գեղասահորդուհին բաց կթողնի առաջիկա ԱԱ-ն, որը կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ։

Ֆեդերացիայի նախագահը հույս հայտնեց, որ Գալուստյանը կապաքինվի մինչ սեպտեմբեր և կմասնակցի Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարին․ Օբերստդորֆի մրցաշարը ևս վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար։

«Մի քանի օր առաջ աջ ոտնաթաթի կոտրվածք ստացա, ոտքս չէր տեղավորվում կոշիկի մեջ: Որոշեցի չմասնակցել Աշխարհի առաջնությանը: Շատ տխուր եմ. ես նախատեսում եմ բուժել վնասվածքը և առանց մրցակցության մասնակցել Ռուսաստանի մրցաշարերին, եթե այդպիսի հնարավորություն լինի», – ասել է Գալուստյանը Match TV-ի հետ հարցազրույցի ժամանակ։

Այժմ առաջիկա ԱԱ-ին կմասնակցեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ՝ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը և Սլավիկ Հայրապետյանը։  Առաջիկա ԱԱ-ի վերաբերյալ ArmSport-ի պատրաստած նյութին կարող եք ծանոթանալ այստեղ։

498