Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վերջույթների պրոթեզավորումից հետո հայրենիքի 8 պաշտպանները կատարել են առաջին քայլերը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

Պրոթեզավորումից հետո տղաներն այժմ անցնում են պրոթեզավորման վաղ փուլի քայլքի նախնական մարզման և պրոթեզի շտկման ծրագիրը: Պրոթեզավորման ժամանակակից սարքավորումներն ու պարագաները ձեռք են բերվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Բժշկական մասնագիտական աջակցությունն իրականացվել է Նիդեռլանդներից Հայաստան ժամանած լավագույն բժիշկներից մեկի՝ գլխավոր պրոթեզիստ Խայս վան Խենթի ջանքերով: Խենթն ամբողջ աշխատանքն իրականացրել է կամավոր հիմունքներով: Ինչպես ինքն է նշում, լսելով Հայաստանի և այստեղ տիրող իրավիճակի մասին՝ որոշել է իր ուժերի ներածին չափով օգտակար լինել հայ զինվորներին:

Պրոթեզավորված զինվորները վստահ են, որ արդեն կարող են վերադառնալ լիարժեք կյանք: 20-ամյա Մարտին Հովհաննիսյանն արդեն մտածում է աշխատելու մասին, իսկ 47-ամյա պահեստազորային Գևորգը հավաստիացնում է, որ եթե պետք լինի, նորից կմասնակցի պատերազմի:

«Տղաներն այսօր հնարավորություն ունեն օգտագործելու աշխարհի ամենաբարձր որակի պրոթեզներ: Մեր սուրբ պարտքն է նրանց վերադարձնել բնականոն կյանք. հայրենասեր և քաջ տղաներն այստեղից առաջին իսկ քայլերով ձևավորելու են իրենց հեռանկարները»,- ասել է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Շուրջ 114 զինվոր պրոթեզավորման կարիք ունի, և, մասնագետների համոզմամբ՝ մի քանի ամիս անց խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

 

 

24 Մարտ, 2021 18:25
414
; ;