Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, եկեղեցու հետքերով գնացել է բրիտանական BBC-ի նկարահանող խումբը, որը նկարահանումներ է իրականացրել Մեխակավանում (ադրբեջանական Ջաբրայիլ անվանմամբ):

Լրագրող Ջոնահ Ֆիշերը փորձել է նկարահանել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը ադրբեջանական օկուպացիայից հետո ադրբեջանցի զինծառայողները պղծել էին. նրանցից մեկը բարձրացել էր եկեղեցու վրա՝ փորձելով տապալել խաչը:

Լրագրողական թիմին ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը հարցին, թե որտեղ է եկեղեցին,  պատասխանում է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն եկեղեցու մասին: Ուստի բրիտանացի լրագրողն ինքնուրույն՝ հեռախոսի միջոցով տեղորոշում է եկեղեցու գտնվելու վայրը և օպերատորի հետ գնում այնտեղ: Սակայն բլուրը, որի վրա ենթադրվում է, որ պետք է լիներ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, այսօր արդեն դատարկ է: Միայն հատակին դեռևս թափված երևում են քարեր, որոնք ենթադրաբար մնացել են եկեղեցուց:

Ջոնահ Ֆիշերը համեմատում է եկեղեցու՝ իր ունեցած հին լուսանկարի տեղանքը և համոզվում, որ իրենք նույն վայրում են, միակ տարբերությունն այն է, որ եկեղեցին այլևս չկա:

Լրագրողը նորից է դիմում իրենց ուղեկցող ոստիկանին՝ հարցնելով, թե ուր է եկեղեցին, ինչին ի պատասխան ադրբեջանցին պատասխանում է, որ թերևս այն ոչնչացվել է պատերազմի ժամանակ: «Այն չէր կարող ոչնչացվել պատերազմի ժամանակ, քանի որ կան տեսանյութեր, որտեղ երևում է, որ այստեղ ադրբեջանցիներ են եկել»,- հակադարձում է Ֆիշերը:

Արդեն Բաքվում նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ նրան է ցույց տալիս եկեղեցու նախկին՝ 2017 թվականին արված լուսանկարն ու ներկայիս դատարկ բլրի լուսանկարը՝ նշելով, որ եկեղեցին հիմնովին ավերված է: Ի պատասխան Հաջիևը միայն տարակուսանք է հայտնում՝ ասելով, որ ինքը տեղյակ չէ և այդ տեղեկությունը պետք է ստուգվի:

Հայկական պատմական մշակութային ու հոգևոր ժառանգության նմուշները վերացնելը դարձել է Ադրբեջանի իշխանությունների սովորական ձեռագիրը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները ավերել են Շուշի քաղաքի` «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

480