Քիչ առաջ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Գեղամ Գ. Ստեփանյանին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Անչափ ուրախ եմ, բայց ոչ այնքան Գեղամի, որքան մեր երկրի համար: Որ թեկուզ դժվարությամբ, սակայն բարեկիրթ և ուսյալ արցախցի երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքով և օրինակելի պահվածքով ինքնուրույն ճանապարհ հարթել: Գեղամի ելույթը Աժ ամբիոնից արդեն իսկ կոնկրետ ապացույց է այն իրողության, որ, ի դեմս նրա, մենք ունենք լուրջ պատրաստվածությամբ և մեծ պատասխանատվությամբ երիտասարդ պետական գործիչ և հենց այդպիսի անհատականության կարիք կա մեր օրերում ավելի բարձր հանրային- քաղաքական պահանջարկ ստացած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Իմ և հազարավոր արցախցիների լավ տրամադրությունը չփոխելու համար չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ նրա թեկնածությանը դեմ քվեարկած մարդկանց, բայց խորհուրդ եմ տալիս լուրջ մտածել իրենց դերակատարության մասին:

Սիրելի Գեղամ, մեր համատեղ աշխատանքն ինձ թույլ է տալիս հույս պահելու փոխարեն համոզված ասել, որ դու հաղջողությամբ ու պատվով ես կրելու այդ առաքելությունը՝ պահելով նախկինում այդ պաշտոնի հանդեպ ձևավորված վստահությունը և ավելացնելով այդ կոչման հանդեպ մեր քաղաքացիների հիմնավոր սպասումները: Շնորհավորում եմ»,-նշել է նա:

 

25 Մարտ, 2021 12:53
97
; ;