Մարտի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Զորահ» գինեգործական ընկերություն՝ ծանոթանալու ընկերության հիմնադիր տնօրեն Զորիկ Ղարիբյանի՝ հայկական գինեգործության զարգացման հեռանկարով գինու հնեցման համար կարասների պատրաստման ավանդույթը վերականգնելու ծրագրին։

 

Զորիկ Ղարիբյանը կնոջ՝ Երազի հետ մտադիր է հիմնել կարասագործության դպրոց, որտեղ կպատրաստվեն վարպետներ ոչ միայն իրենց գործարանի և Վայոց ձորի մարզի, այլև Հայաստանի բոլոր գինեգործական ընկերությունների համար։ Նրանք վստահ են, որ այս նախաձեռնությունը կնպաստի, որպեսզի Հայաստանը, վերականգնելով իր վեցհազարամյա գինեգործական ավանդույթները և համադրելով դրանք ժամանակակից լավագույն փորձի ու տեխնոլոգիաների հետ, նաև օգտագործելով խաղողի զուտ բնիկ սորտերը, հեղինակավոր և առաջատար դեր ստանձնի համաշխարհային գինեգործության ոլորտում։

 

Սփյուռքահայ գործարար Զորիկ Ղարիբյանը Հայաստանում խաղողագործությամբ և գինեգործությամբ սկսել է զբաղվել 2001 թվականից՝ նպատակ ունենալով հայկական խաղողից արտադրել բարձրորակ գինի և ներկայացնել այն աշխարհին: Գործարարը գինու հնեցման համար օգտագործում է գուղացիներից ձեռք բերված հին կարասներ, ինչն էլ Հայաստանում կարասագործության ավանդույթը վերականգնելու գաղափարի հիմք է հանդիսացել։ «Զորահ» գործարանի գինին արտահանվում է 25 երկրներ, այն Bloomberg-ի ցուցակում լավագույնների տասնյակում է:

«Զորահ» գինեգործարանի տնօրենը գործարանին հարակից տարածքում նախաձեռնել է նաև փոքր հյուրանոցային համալիրի կառուցում՝ գինեգործության ոլորտի մասնագետների, ինչպես նաև «Զորահի» բոլոր այցելուների համար, ովքեր, բացի գինի համտեսելուց, հնարավորություն կունենան շրջելու խաղողի այգիներով, ծանոթանալու գինեգործական աշխատանքներին, նաև վայելելու բնության չքնաղ տեսարանները։ Ծրագրերում կա նաև գինեգործարանի տարածքից դեպի Ռինդ գյուղ տանող ճանապարհի կառուցումը։

Վահան Քերոբյանը ողջունել է ներկայացված ծրագրերը և կարևորել դրանց իրականացումը ինչպես Հայաստանի գինեգործության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսակետից։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորության շրջանակում օժանդակել ծրագրերի իրագործմանը։

Էկոնոմիկայի նախարարն այցելել է նաև Գնիշիկի հնագիտական համալիր և Արենի քարանձավ 1։ Հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանը նախարարին ներկայացրել է իրականացվող և նախատեսվող աշխատանքները, նշել, որ կա նպատակ՝ վերականգնելու տեղի վայրի խաղողի այգիները։ Բորիս Գասպարյանը Վահան Քերոբյանին տեղեկացրել է նաև որոշ խնդիրների մասին։

Էկոնոմիկայի նախարարը հանձնարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանին՝ զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակներում ցուցաբերել համապատասխան աջակցություն։

 

635