Մարտի 31-ին ճանաչողական այցով Հայկական ԱԷԿ-ում էր ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը: ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակակազմի ուղեկցությամբ հյուրերը նախ շրջայց կատարեցին ատոմակայանի տարածքում, եղան մասնավորապես Տուրբինային արտադրամասում, բլոկի կառավարման վահանակում, տեղում ծանոթացան վարժասարքին և ԵՄ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին, նաև ձեռք բերված գերճշգրիտ և անվտանգության համար պատասխանատու սարքավորումներին:

 

Շրջայցից հետո կայացած խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը ամփոփ անդրադարձավ ընթացիկ տարում նախատեսվող աննախադեպ մեծ ծավալի վերանորոգման/արդիականացման աշխատանքներին, որից հետո արդեն մանրամասն քննարկվեցին Եվրամիության օժանդակությամբ իրականացվող և հեռանկարային ծրագրերը:

 

Եվրամիությունն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման մի շարք ծրագրերի իրականացման գործում. նման շուրջ 50 ծրագիր է իրագործվել ատոմակայանում, ներկա պահին ընթացքի մեջ են Ռեակտորային արտադրամասի անվտանգության սարքավորումների արդիականացմանը, սթրես-թեսթերի արդյունքների հիման վրա շարժական դիզել-գեներատորների ձեռքբերմանն առնչվող ծրագրերը:

 

Առանձնակի կարևորությամբ շեշտադրվեց ռադիոակտիվ թափոնների կառավարման և արևային կայանի կառուցման հետ կապված ծրագրերի իրագործումը՝ ակնկալելով ԵՄ անդամ-երկրների ունեցած փորձի ակտիվ փոխանակումն այդ բնագավառում:

 

Հանդիպման ավարտին կողմերը հավաստեցին փոխհամագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման:

31 Մարտ, 2021 18:25
145
; ;