Politcom.am-ը գրում է.

«Արցախը իր նորօրյա պատմության մեջ ունեցել է 4 նախագահ: Առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահը կառավարիչներ էին: Արցախի առաջին նախագահից հետո մենք գլխավոր հրամանատար Արցախում չենք ունեցել»,- օրերս ասել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:


Եթե խնդրին մակերեսորեն մոտենանք, կարող է տպավորություն ստեղծվել, թե Թովմասյանը պաշտպանության տակ է առնում իր կուսակցության ղեկավար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ նրան դուրս դնելով պարտության պատասխանատվությունից։ Իհարկե, ամենևին էլ չենք բացառում, որ Թովմասյանը նաև նման մտադրություն է ունեցել։
Սակայն դժվար չէ նկատել, որ Արցախի ԱԺ նախագահն ավելի խորքային ակնարկ է անում՝ հնարավորություն տալով ԼՂ խնդրի շուրջ տեղի ունեցող այսօրվա զարգացումները դիտարկել ոչ միայն ընթացիկ քաղաքականության, այլ նաև՝ ավելի գլոբալ համատեքստում։
Թովմասյանն, ըստ էության, ասում է, որ Քոչարյանն Արցախում եղել է իշխանության լիարժեք կրող ու Երևանը հաշվի է նստել Արցախի սուբյեկտության հետ։ Փաստացի, ըստ Արցախի ԱԺ նախագահի, իրավիճակն արմատապես փոխվել է այն բանից հետո, երբ Քոչարյանը եկել է Երևան ու ստանձնել Հայաստանի իշխանության ղեկը։


Դրանից հետո Հայաստանի իշխանությունը հետևողականորեն սահմանափակել են Արցախի սուբյեկտությունը, ինչի հետևանքով ԼՂՀ-ն ոչ միայն դուրս է մնացել բանակցային գործընթացից, այլ կորցրել է իր ինքնուրույնությունը նաև ներհայկական միջավայրում՝ Հայաստանի հետ հարաբերություններում։


Մի առիթով ասել ենք ու հիմա կրկնվենք՝ Արցախին ամենամեծ հարվածը հասցրել է հենց Քոչարյանը՝ նրան բանակցությունների սուբյեկտից վերածելով օբյեկտի։ Նման ապիկար քաղաքականությունը պետք է ունենար իր հետևանքները, որոնց շատ դրսևորումների ականատես դարձանք վերջին պատերազմի օրերին։


Տարակուսելի է, որ այսքանից հետո Քոչարյանը հայտնվում է ռուսական «էլիտար» եթերներում և հայկական միջավայրից «ընտրում» է պատերազմի «մեղավորների»։

 

 

07 Ապրիլ, 2021 12:54
338
; ;