Այսօր՝ ապրիլի 7-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի  5-րդ փողոցի  տներից մեկին հարակից այգում հրդեհ  է բռնկվել և քաղաքացիները մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Նույն ահազանգը ստացվել է նաև ոստիկանության Աշատարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:  Ոստիկաններն ու  հրշեջները նշված փողոցի թիվ 35 տան այգու տարածքում հայտնաբերել են 84-ամյա Հայականուշ Կ.-ի դին՝ կիսաայրված վիճակում: Հրշեջները դին մոտեցրել են Աշտարակի հիվանդանոցի  շտապօգնության ավտոմեքենային:

Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել են խաղողի վազեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայկանուշ Կ.-ի մահվան պատճառը եղել է չոր խոտն այրելը:  Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:  Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները:

07 Ապրիլ, 2021 22:15
188
; ;