ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: 

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում: Այն նպատակ ունի ընդլայնելու և զարգացնելու փոխադարձ ազատ առևտրի և տնտեսական հարաբերությունները:  Կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր և մաքսատուրքերին համարժեք նշանակություն ունեցող ցանկացած վճարներ կողմերից մեկի տարածքի ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար կամ ներմուծման հետ կապված, եթե սույն համաձայնագրով այլ բան չի սահմանվում: 

Փոխնախարարի խոսքով՝ հաշվի առնելով, որ Սերբիայի հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի և Ղրղզստանի համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ, և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:

Համաձայնագրի հիմնական խնդիրներն են՝

  • պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ հօգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր աստիճանի.
  • ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առևտրի համաձայնագրերի համար.
  • Հայաստանի և Ղրղզստանի համար ստեղծել հավասար արտահանման հնարավորություններ մյուս անդամ պետությունների հետ համատեղ:

Վ.Սիմոնյանն ասաց, որ ԵԱՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար: Նա նշեց, որ սակագնային պարտավորությունների մասով Սերբիան ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է շուկայի համակցված մուտքի ռեժիմ, հանումների ցանկեր, որոնք անհատական են ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության համար՝ գործող երկկողմ համաձայնագրերի համեմատ մուտքի պայմանների չվատթարացումը ապահովելու նպատակով: Հայաստանի արտադրողները ստացել են սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ, ինչպես և մյուս ԵԱՏՄ անդամ պետությունները: Եվրասիական տնտեսական միության կողմից Սերբիային տրամադրվում է շուկայի մուտքի միասնական ռեժիմ:

Ինչ վերաբերում է համաձայնեցված զիջումներին, ապա կաթնամթերքի մասով ԵԱՏՄ անդամ պետությունները Սերբիային տրամադրում են պինդ և կիսապինդ պանրի որոշ տեսակների առանց մաքսատուրքի կիրառմամբ 400 տոննայի չափով քվոտա, իսկ այծի և ոչխարի կաթից պատրաստված պանրի համար անմաքս մուտքի ապահովում:

Սերբիան ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է անմաքս և առանց քվոտա որոշ տեսակի պինդ և կիսապինդ պանիրների համար մատակարարումներ: Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար անմաքս սակագնային քվոտա հալած պանիրների նկատմամբ տարեկան 100 տոննա ծավալով:

Ալկոհոլային արտադրանքի մասով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է 2208 20 290 0 և 2208 20 890 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ անմաքս սակագնային քվոտա, տարեկան 35 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով:

Սերբիայի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրվում է 2208 20 29 և 2208 20 89 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ անմաքս սակագնային քվոտա, տարեկան 50 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով:

Ծխախոտի արտադրանքի մասով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է ծխախոտի համար անմաքս սակագնային քվոտա տարեկան մինչև 2 մլրդ հատ ծավալով:

Սերբիայի կողմից Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից ծագող թութուն պարունակող ծխախոտի նկատմամբ տրամադրվում է սակագնային քվոտա տարեկան 2 մլրդ հատ ծավալով:

621