Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ առցանց կոնֆերանս: Կոնֆերանսին խոսքով հանդես է եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, հատկապես պարոն Ֆուրլասին և Եվրոպայի Հայ Դատի գրասենյակին այս քննարկումը կազմակերպելու համար:

Ադրբեջանը չի հայտնում ռազմագերիների հստակ թիվը, տարածքային պահանջներ է ներկայացնում առանց ռազմագերիների անհապաղ ազատման պայմանը կատարելու: Ադրբեջանի նախագահը 2020 թվականի վերջին հայ ռազմագերիներից շատերին որակել է որպես ահաբեկիչ:

Պետք է ընդգծել, որ Ղարաբաղյան կամ Արցախյան հակամարտությունը շարունակվում է, ուստի շատ պայմանական նոյեմբերի 9-ի հայտարարության օրը հիմք ընդունելով և ասելով, որ դրանից հետո Ադրբեջանում գերի վերցված անձինք ահաբեկիչներ են, անընդունելի է:

Բոլոր ռազմագերիները, որոնք գտնվում են Ադրբեջանում, այդ թվում այն 64 մարդիկ, որոնք գերևարվել են նոյեմբերի 9-ից հետո, որակվել են որպես ահաբեկիչ: Սա մանիպուլյացիա է: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը:

Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-նշել է Թաթոյանը:

345