Հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգի բարեփոխումների կարևորության, առաջնահերթության ու անփոխարինելիության  մասին երևի միայն ալարկոտներն ու ներհայաստանյան իրականությունից կտրվածները չեն խոսել։ ժողովրդավարությունն այն տեսքով, որով  երևակայվում է Հայաստանում, այն զարգացած ժողովրդավարությունները, որ անգամ արևմտյան երկրները չէին կայանա առանց արդար, ազատ ու մրցակցային դատական համակարգի։  Որակյալ բյուրոկրատիան ու արդար դատարաններն են ըստ այդմ ժողովրդավարական բարդ գործընթացների պայմաններն ու երաշխավորները։

Մարտի 1-ի 3-ամյա գործը վերաբացված 2018թ-ին, դրա փաստացի կազմաքանդումը ՍԴ կողմից և մեղադրական կողմի ֆիասկոն կրկին առաջին պլան ու հանրային ակտիվ խոսույթ մղեցին դատաիրավական բարեփոխումների, կոշտ կամ փափուկ վեթթինգի ու արդարության հարցն իսկ իր ողջ ճոխությամբ ու թշվառությամբ։ Շատերը հայտարարեցին, որ իշխանությունները տապալել են իրենց ամենաառանցքային օրակարգերից ու խոստումներից մեկը՝ վերականգնել արդարությունը, օրենքի առաջ պատասխանատվության ու հավասարության դաշտ բերել բոլորին և վերականգնել հանրային համերաշխությունն ու փոխվստահությունը՝ իրար ու դատարանների հանդեպ։

Սակայն, այս անմխիթար ու գործ իրականությունը կարծես թե տեղի է տալիս և կառավարության ու արդարադատության նախարարության թեկուզ փափուկ բայց դատաիրավական փոփոխությունները, ԲԴԽ կազմավորումը որպես ամբողջական ու իրական լծակներով ակտիվ օրգանիզմ կարծես թե արդյունքներ է տալիս։ Մյուս կողմից իհարկե կարևոր է հասկանալ, որ սա միայն առաջին փուլն է և իրապես մրցակցային և արդարադատ համակարգի կայացումը ծանր ու հաշվարկված փոփոխությունների հետևանք է լինելու։

Նախ երեկ, Վճռաբեկ դատարանը բավարարեց  դատախազության բողոքը, ըստ որի  Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձից մեկը, որին Ռուբեն Վարդազարյանի կոչով ազատ էին արձակել,  կալանավորվել է։ Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայնեց  իրեն վերագրվող հանցագործության կատարմանը ուղղակի առնչություն ունենալու  վերաբերյալ դատախազության հիմնավորումների հետ, իր 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվեց այն՝ բեկանելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Մյուս կարևոր ազդակը, որ դատական համակարգի կողմից սաբոտաժը ու հակաօրինական ու հակահանրային գործելաոճը կասեցվել է եղավ այսօր։  ՀՀ վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարեց  ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ  բողոք՝ բեկանելով ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տալով ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի՝ Նարեկ Գոնսալեսի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Դատական համակարգը ստացել է քաղաքական փոփոխությունների ազդակը, փափուկ դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիոն դատարաններն ու ԲԴԽ տալիս են իրենց արդյունքը, թեև դանդաղ բայց շտկում են դատական համակարգը ու արդարությունը երկրում և դա անբեկանելի գործընթաց է։ Ուզենք թե չուզենք մենք որպես պետություն և հասարակություն պետք  է անցնենք նոր դատական համակարգի ծծնդաբերության ցավերով ու ստանանք մեր երազանքներին ու ժողովրդին հարիր դատաիրավական համակարգ՝ արդար դատարաններով ու անբասիր դատավորներով։ Եվ այդ գործընթացը թե՛ անկասելի է և թե՛ այլընտրանք չունի։ Խնդիրը միայն ժամանակն է և հետևողականությունը որով որ այդ գործընթացները հետևողականորեն կյանքի կկոչվեն։

 

13 Ապրիլ, 2021 16:15
255
; ;