Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ»  նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվեց  Արթուր Խ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքերի զարգացման պահին Արթուր Խ.-ն 36 տարեկան էր: Նրան  մեղադրանք էր առաջադրվել իր փաստական կնոջը՝ Ասյա Օ.-ին (անունը փոխված է)  պարբերաբար, դիտավորությամբ ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք պատճառելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և դիտավորությամբ նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու, ինչպես նաև ինքնասպանության փորձի հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով, 117 հոդվածով և 110 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ Արթուր Խ.-ն նախկինում 6 անգամ դատապարտված էր, մեծամասամբ դատապարտվել էր  գողությունների համար, վերջին պատժի կրումից ազատվել էր 2015  թվականի դեկտեմբերին, դատվածությունը մարված չէր:

Այս գործով դատական ակտի հրապարակման պահին Արթուր Խ.-ն ամբաստանյալ էր դատարաններում քննվող ևս մի քանի քրեական գործերով՝ խուլիգանության, գողության համար…

Տուժող կինը դատարանում չի կարողացել լիարժեք ցուցմունք տալ՝ հոգեբանական ծանր վիճակում գտնվելու պատճառով:

Իր նախաքննական ցուցմունքներում կինը հայտնել է, որ Արթուրի հետ համատեղ՝ փաստական ամուսնական կյանքով ապրել է մոտ երեք տարի,  վերջին շրջանում նրա հետ ապրել է մշտական վախով…

Տուժող Ասյան Արթուր Խ.-ի հետ ծանոթացել էր մոտ 13 տարի առաջ հեռախոսով: Այդ ժամանակ Արթուրը գողության համար պատիժ էր կրում քրեակատարողական հիմնարկում:

Ասյան սկզբում միայն հեռախոսակապով է շփվել Արթուրի հետ, ապա նրա՝ ազատություն դուրս գալուց հետո շփումները դարձել են ավելի սերտ, աղջիկը համակրել է երիտասարդին: Նշանվել են, ապա  փաստական ամուսնական կյանքով են ապրել: Ամուսնությունը օրինական գրանցում չի ստացել: Ապրել են վարձակալությամբ:

Ըստ տուժողի՝ համատեղ ապրելու ընթացքում իրենց հարաբերությունները լարվել են Արթուրի հիվանդագին խանդի և  ալկոհոլի նկատմամբ հակում ունենալու պատճառով:

2017 թվականի ապրիլին Ասյան հեռացել է Արթուրից, գնացել է հայրական տուն: Արթուրն էլ վերադարձել է իր հայրական տուն, բայց շարունակել է զանգել ու գրել Ասյային, պահանջել է, որ վերականգնեն հարաբերությունները:

2017 թվականի մայիսի 14-ի ցերեկը, երբ Ասյան հայրական տանը մենակ էր, բնակարանի դուռը թակել է Արթուրը, պահանջել է, որ Ասյան բացի դուռը, ասել է, թե համոզված է, որ Ասյան մենակ չէ, տղամարդու հետ է, քանի որ տանից «ձայներ է լսում»:

Ասյան բացել է դուռը՝ «ապացուցելու համար, որ տանը մենակ է»: Արթուրը մտել է բնակարան, փնտրել է տղամարդու, չի գտել, բայց տեսնելով, որ Ասյայի ննջարանի պատուհանը կիսաբաց է, պնդել է, թե տղամարդը հեռացել է այդ պատուհանից կամ պատշգամբից: Բնակարանը գտնվում է… 9-րդ  հարկում…

Արթուրը սկսել է Ասյային «խոստովանեցնելու» գործընթացը, որը կտտանքների վերաբերյալ  դաժան ֆիլմ է հիշեցնում՝ տուժողի ցուցմունքում նկարագրված:

Նախ Արթուրը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ասյայի դեմքին, հետո ոտքով հարվածներ է հասցրել նրա ոտքի ու մեջքի շրջաններին՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ ու անընդհատ պահանջելով խոստովանել, որ սիրեկան ունի:

Տուժողը նշել է. «Տեսնելով, որ հարվածներով չի կարողանում խոստովանություն կորզել, Արթուրը գնաց խոհանոց, վերցրեց խոհանոցային դանակը ու վերադարձավ ննջասենյակ: Նա պահանջում էր՝ ասա՝ ում հետ ես ինձ դավաճանում, թե չէ դեմքիդ սպիներ կթողնեմ… Ես նստած էի անկողնուն, նա նստեց իմ դիմաց՝ թախտին, մի ձեռքով բռնեց գլուխս, մյուս ձեռքում բռնած դանակով սկսեց քերծվածքներ անել այտերիս… Դեմքս արյունահոսեց… Ես ֆիզիկական ցավ էի զգում… Շատ էի վախեցել, մտածում էի՝ ինձ ավելի ծանր վնաս կպատճառի… Նա ընթացքում բռնում էր նաև մազերիցս, որ գլուխս չշարժեմ… Ես անելանելի վիճակում էի… Այդ ժամանակ ինձ զանգեց մայրս, բայց այնքան վախեցած էի, որ մայրիկիս ասեցի, թե ամեն բան նորմալ է… Արթուրը սպառնացել էր՝ եթե իմ հարազատները գան ու դուռը թակեն, ինձ համար շատ վատ կլինի… Հետո նա դանակով շատ խոր քերծվածքներ արեց երկու բազուկներիս, բազուկներս էլ արյունահոսեցին… Նա ամբողջ ընթացքում բռնել էր ինձ, որ չփախչեմ, ու անընդհատ պահանջում էր, որ խոստովանեմ՝ ում հետ եմ դավաճանում… Երբ ասում էի՝ չեմ դավաճանում, շարունակում էր քերծվածքներ անել… Ես չէի դիմադրում, որովհետև վախենում էի… Միաժամանակ նա ոտքերով ու ձեռքերով էլ էր հարվածներ հասցնում, ինձ պատճառում էր ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք՝ ես ինձ  անելանելի վիճակում էի զգում… Տեսնելով, որ չեմ խոստովանում, նա նույն դանակով կտրեց էլեկտրական հոսանքի լարը, մի ծայրը միացրեց հոսանքին, մյուս ծայրը մոտեցնում էր մարմնիս… Մի քանի անգամ այդպես արեց, իսկ մի անգամ մարմնիս մոտեցրեց լարի երկու ծայրերը, ես հոսանքահարվեցի՝ ամբողջ մարմնովս դող անցավ… »:

Ըստ տուժողի՝ այդ գիշեր Արթուրը մնացել է նույն  բնակարանում, քանի որ տուժողի ծնողները ամառանոցում էին… Տուժողը նշել է, թե ինքն այդ գիշեր իր կամքով սեռական հարաբերություն էր ունեցել Արթուրի հետ, որպեսզի ապացուցի, որ չի դավաճանում, սակայն Արթուրը տուժողի համար աննկատ կերպով տեսագրել է հարաբերություններ ունենալու պահը և հետագայում սպառնացել է հրապարակել տեսագրածը, եթե Ասյան հեռանա իրենից կամ դավաճանի…

Հաջորդ օրը, ըստ տուժողի՝ «Արթուրը սպառնում էր կտրել մազերս… Ասում էի՝ էսքան բան ես արել, էդ մեկը մի արա, նա էլ պահանջում էր՝ ճշմարտությունն ասա, թե չէ դա էլ եմ անելու… Նա բնակարանում շրջում ու մկրատ էր փնտրում: Այդ ընթացքում ես ննջարանում էի… Նա մկրատը գտավ, եկավ ննջարան, սպառնաց՝ վերջին անգամ եմ հարցնում՝ ո՞ւմ հետ ես ինձ դավաճանում… Երբ նորից ասի, որ չեմ դավաճանում, նա բռնեց ինձ ու ձախ կողմից գրեթե արմատներից մազերս կտրեց… Հետո էլի կտրեց… Էնպես կտրեց, որ տանից դուրս չգամ… Ես էլ մկրատը վերցրի ու մնացած մազերս կտրեցի… Նա զանգ ստացավ ու գնաց… Ես նրան չէի դիմադրում, քանի որ վախենում էի… Գնալուց առաջ նա նույն դանակով ծակոց արեց որովայնիս ու ասաց. «Մեկա՝ դու չես փրկվի…»: Իմ ստացած վնասվածքների քանակը քսանի էր հասնում… Ես խնդրում էի, որ չանի, ասում էի՝ ցավում է, իսկ նա ասում էր. «Իմ սիրտն ա ցավում»… Ես նախկինում ոստիկանություն չէի դիմում, երբ իմ նկատմամբ բռնություն էր գործադրում, բայց այս անգամ  ինձ անելանելի վիճակում էի զգում: Երբ նա մեր տանից գնաց, ես ոստիկանություն զանգեցի…»:

Տուժողը առաջին հարցաքննության ժամանակ «դժգույն գույներով»՝ ավելի մեղմ էր ներկայացրել իր հայրական տանը կատարվածը, իսկ վերջում նշել էր, թե հաշտվել է Արթուրի հետ ու բողոք չունի: Դա արել էր վախից՝ մտածելով՝ եթե չբողոքի, Արթուրը կհեռանա, իրեն ու ընտանիքին չի անհանգստացնի: Բայց Արթուրը շարունակել էր անհանգստացնել: Ու հաջորդ հարցաքննության ժամանակ տուժողը մանրամասն նկարագրել էր կտտանքների իրական ընթացքը…

Պետք է ասել, որ տվյալ ժամանակահատվածում այրվել էր տուժողի եղբոր «Մերսեդես» մեքենան, որը կայանված էր շենքի բակում: Տուժողի հարազատները  ենթադրել էին, թե մեքենան հենց Արթուրն էր այրել, այդ մասին հայտնել էին ոստիկանությունում: Մեքենայի այրվելուց հետո, ըստ տուժողի երկրորդ ցուցմունքի, ինքը զանգել է Արթուրին ու հարցրել է՝ նա՞ է այրել եղբոր մեքենան: Արթուրը պատասխանել է. «Ցավ ես ինձ տվել, դե հիմա ցավ զգա…»:

Ասյան նույնիսկ հանդիպել է Արթուրին ու հարցրել է՝ մեքենան դո՞ւ ես վառել: Արթուրը, ըստ Ասյայի, նայել է նրան ու ասել է՝ բառերով չեմ պատասխանի այդ հարցիդ, լալերեն կասեմ, կհասկանաս… Ու նա, ըստ տուժողի, գլխով ասել է՝ հա, հետո ասել է՝ ախպերդ ինձ համար շատ բան ա արել, չեմ ուզեցել նրան վնաս տամ, բայց ուզեցել եմ քեզ ցավ պատճառել…

Ասյան հայտնել է. «Նախքան մեքենան վառելը Արթուրը զանգեց ինձ ու ասաց. «Գայլը արթնացել ա, տես ինչ ա լինելու…»:

Մեքենան հրկիզելու գործի քննությունը կասեցվել է՝ հանցավոր արարքը կատարողի անձը  բացահայտված չլինելու հիմքով…

Այս գործով երրորդ հարցաքննության ժամանակ տուժողը նոր զարգացումների մասին է հայտնել: Ոստիկանություն բողոքելուց հետո նա… վերսկսել էր շփումը Արթուրի հետ: Վերջինս համոզել էր, թե իրենց միակ «փրկությունը» իրար հետ… մեռնելն է… Նա համոզել էր տուժողին, որ դեղատնից հատուկ դեղեր կգնի, իրենք միմյանց կներարկեն այդ դեղը ու իրար հետ կմահանան… Որոշել են «մահանալ» Արագածոտնի մարզում գտնվող տանը: Տուժողը մտածել է, որ մեռնելով՝ հարազատներին կազատի իր խնդիրներից…

Արթուրը դեղատնից «ամպուլներով» տուժողի համար անհայտ դեղեր է գնել: Հասել են տուն, այնտեղ հոսանք չկար:

Ըստ տուժողի ցուցմունքի. «Մոմ  վառեցինք, մի կտոր հաց կերանք… Արթուրը նորից հարցրեց՝ իր հետ ինքնասպան կլինե՞մ… Ասեցի՝ հա… Ամպուլաների դեղերը քաշեց մի ներարկիչի մեջ, դեղի մի կեսը ներարկեց իմ երակի մեջ, մյուս կեսը ես ներարկեցի նրա երակի մեջ… Քնեցինք… Առավոտյան արթնացա՝ ողջ էինք…  Փաստորեն՝ Արթուրը խաբել էր, բայց ինձ ասաց. «Աստված մեզ երկրորդ կյանք տվեց… Երկուսով գնացինք Սևան, որ մտնենք Սևանի ջրերի մեջ, հետո վերադառնանք: Գնացինք մի պատահական հանգստի գոտի… Արթուրը ստիպեց, որ ես իմ ձեռքերին նույնպիսի քերծվածքներ անեմ, ինչպիսին իր ձեռքերին կային… Իմ ձեռքերին քերծվածքների կեսը Արթուրը արեց… Նա քերծվածքներ արեց նաև մեր կրծքերին… Հունիսի լույս 13-ի գիշերը վերադարձանք  տուն… Ես հասկացա, որ Արթուրը իմ հետ խաղեր ա խաղում, ամեն բան ստից ա անում, որոշեցի, որ մեռնեմ, ես անելանելի վիճակում էի… Հավաքեցի իմ ուսանողական տարիների լեկցիաների տետրերը, մանր կտրատեցի, որ վառեմ ու հրդեհեմ տունը, ես էլ հետը վառվեմ… Արթուրին ասի՝ չեմ ուզում ապրել, տունը վառելու եմ… Արթուրն ասեց. «Ես դուրս գամ գնամ, ինչ ուզում ես արա, մենակ թե գրություն գրի, որ քո մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն… Ես գրությունը գրեցի… Արթուրը գնաց… Այդ ժամանակ զանգեց եղբայրս… Ես չէի ուզում եղբորս հանդիպել՝ վնասվածքներ կային ձեռքերիս, մարմնիս, ես որոշել էի վերջ տալ կյանքիս, հոգնել էի Արթուրի արարքներից…»:

Տուժող կինը նշել է. Արթուրը «խեղաթյուրել էր իմ բարոյական կերպարը հարազատների ու հարևանների շրջանում, այդպես ամոթով ես այլևս չէի կարողանում ապրել…»:

Արթուր Խ.-ն ճանաչվել է մեղսունակ: Հոգեպես առողջ անձ է ճանաչվել նաև գործով տուժող կինը…

Արթուր Խ.-ն իրեն առաջադրված մեղադրանքներից չի ընդունել միայն տուժողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքը, պնդել է, թե իր գործողությունների հետևանքով չէ, որ տուժողը մտադրվել է ինքնասպան լինել, դա տուժողի որոշումն է եղել՝ նրա անձնական ապրումներն են եղել պատճառը…

Ամբաստանյալի շահերի պաշտպան Մ. Ալավերդյանի միջնորդությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով՝ տուժողի առողջությանը թեթև վնաս հասցնելու մասով, դատարանը դադարեցրել է Արթուր Խ.-ի քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Մեղադրող դատախազ Մ. Արամյանն իր մեղադրական ճառում նշել է, որ գործի նախաքննության ու դատական քննության ընթացքում լիովին ապացուցվել է՝ Արթուր Խ.-ն պարբերաբար խոշտանգել է տուժող կնոջը՝ նրան ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք է պատճառել, ինչի արդյունքում տուժողը, հայտնվելով ծանր  հոգեվիճակում, ինքնասպանության փորձ է կատարել:

Մեղադրողն արձանագրել է, որ Արթուր Խ.-ն նախկինում մի քանի անգամ դատվել է, վերջին դատվածությունը մարված չէ, առկա է հանցավոր արարքների կատարման վտանգավոր ռեցիդիվ Արթուր Խ.-ի կողմից:

Մեղադրող դատախազը միջնորդել է՝ Արթուր Խ.-ին մեղավոր ճանաչել տուժողին խոշտանգելու և ինքնասպանության փորձի հասցնելու համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին և 110 հոդվածի 1-ին մասերով, յուրաքանչյուր հոդվածով նշանակել 3 տարի ազատազրկում, այդ պատիժներն ամբողջովին գումարելու միջոցով վերջնական պատիժ սահմանել 6 տարի ազատազրկումը:

Դատարանը հաշվի է առել, որ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննությամբ հաստատվել է.  Արթուր Խ.-ի կողմից տուժող կնոջը անհավատարմության համար պարբերաբար մեղադրելը, վիճաբանելը, հարվածներ հասցնելը, դանակով մարմնի վրա քերծվածքներ անելը, վարսերը կտրելը, դրանց արդյունքում տուժողի՝ իրեն ստորացված ու նվաստացած զգալը հիմք են տալիս եզրակացնելու, որ Արթուր Խ.-ի գործողությունների և տուժող կնոջ՝ ինքնասպանության փորձին նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Այսինքն՝ Արթուր Խ.-ի կողմից տուժող կնոջը  ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը հանգեցրել են նրան, որ տուժողը, իրեն անելանելի վիճակում պատկերացնելով և ծանր ապրումներ ունենալով՝  փորձել է ինքնասպանություն գործել:

Դատարանը արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Արթուր Խ.-ի կողմից:

Դատարանը հաշվի է առել, որ հանցավոր արարքը կատարվել է առանձին դաժանությամբ, տուժողին ծաղրուծանակի և տանջանքների ենթարկելով, ինչն արտահայտվել է տուժողին հոսանքահարելով, դանակով մարմնի վրա քերծվածքներ անելով, վարսերը կտրելով ու սանրվածքն այլանդակելով այն աստիճան, որ կինը հասարակության մեջ հայտնվելիս ստիպված կեղծամ է դրել: Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Խ.-ն հանցանքը կատարել է իրենից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ:

Արթուր Խ.-ն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով և 110 հոդվածով:

Նա վերջին հաշվով դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատարանը Արթուր Խ.-ի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը փոխեց կալանավորումով:

Արթուր Խ.-ն կալանքի տակ առնվեց դատարանի դահլիճում: Պատժի սկիզբը՝  2020 թվականի հուլիսի 13-ից:

1in.am

2373