«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու հիմքով Գերագույն դատարան ստեղծելու հարցին։ Ի՞նչ ենք ունենալու, եթե այս երկու դատարանները միավորվեն։ Ի՞նչ չէին անում ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը, որը կարող է անել Գերագույն դատարանը։   

– Նախ ասեմ, որ չկա բացարձակ և բացառիկ ճիշտ մոդել ապրիորի։ Որևէ համակարգ կոնկրետ երկրի համար կարող է լինել առավել կամ պակաս արդյունավետ՝ հաշվի առնելով իրավական մշակույթը, իրավական համակարգի առանձնահատկությունները, երկրի առանձնահատկությունները, որքան էլ տարօրինակ հնչի՝ մասնավորապես, ասենք, երկրի մեծությունը և բնակչության քանակը։ Մեր երկիրը տարբեր մոդելներ է ունեցել. խորհրդային շրջանում մենք ունեինք երկաստիճան դատական համակարգ՝ Գերագույն դատարանի գլխավորությամբ, այնուհետև ստեղծեցինք եռաստիճան համակարգ, միաժամանակ սկսեց գործել սահմանադրական արդարադատության համակարգը, այժմ դիսկուրսը կրկին համակարգային խնդրին է վերաբերում, և հիմնական հարցն է՝ ունենալ արդյոք երկրում մե՞կ բարձր դատարան, թե՞ սահմանադրական արդարադատությունը իրականացվի այլ կառուցակարգային համակարգով։ Գլոբալ առումով Գերագույն դատարանի վերստեղծումը և նրան նաև սահմանադրական արդարադատության գործառույթով օժտելը մեզ տալու են իրավական անվտանգության նոր, ավելի բարձր մակարդակ, իսկ բարձրագույն դատական ատյանի նախադեպային որոշումների որակապես այլ մակարդակն այս նոր համակարգում խոստանում է շատ ավելի կանխատեսելի դատարան ունենալու իրական շանս։

– Ե՛վ Սահմանադրական դատարանը, և՛ Վճռաբեկ դատարանը Հայաստանում այսօր չեն վայելում հանրային վստահություն։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ սպասվող փոփոխության հիմքով ստեղծվող Գերագույն դատարանը կվայելի այդ վստահությունը։ Այդ հանգամանքը մեծապես ինչո՞վ է պայմանավորված։

– Առանց հանրային վստահության որևէ ինստիտուտ չի կարող լեգիտիմ լինել և լեգիտիմ որոշումներ կայացնել։ Այո, այսօր այս դատարանների հանրային վստահության մակարդակը չափազանց ցածր է, և ընդամենը կադրային փոփոխություններով դա շտկելն իրատեսական չէ։ Հանրային վստահության կարևորագույն չափորոշիչը արդարադատության որակն է, սակայն որակն էլ իր հերթին կախված է մի շարք հանգամանքներից։ Եվ ճիշտ դատարանակազմական լուծումներն այստեղ վերջին հանգամանքը չեն։ Մի կարևոր դրույթ ևս. որպեսզի դատարանի նկատմամբ հանրության վստահությունը բարձր լինի, անհրաժեշտ է նրա իրական անկախության ամրապնդում։

Իսկ միասնական բարձրագույն դատարանն այս ճանապարհին թերևս ամենակարևոր քայլերից է։ Նաև քաղաքական իշխանությունը պետք է դադարի դատական համակարգին վերաբերվել սպառողի տրամաբանությամբ, դատական իշխանությանը չպետք է վերաբերվի որպես հաշվետու համակարգ և դադարի քավության նոխազ դարձնել դատավորներին, որքան էլ դա շահեկան և գայթակղիչ լինի։ Աշխարհի որևէ երկրում գործադիր իշխանությունը հաճույք չի ստանում անկախ դատարանի գոյությունից, ընդհակառակը՝ դատարանները հաճախ իրենց բազմաթիվ որոշումներով գործադիրի համար «գլխացավանք» են ստեղծում։ Բայց կայացած իրավական համակարգով և ժողովրդավարական ավանդույթներով երկրներում նման դեպքերում չեն փորձում դատավորներին հանցագործ հռչակել և չեն հայհոյում բարձր ամբիոններից։

– Տևական ժամանակ է՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու հնարավոր չի լինում գտնել, գտնվածներն էլ 100 տոկոսանոց վստահություն չեն վայելում կամ բարեվարքության տեսանկյունից խնդրահարույց են։ Ովքե՞ր պետք է և կարող են լինել Գերագույն դատարանի դատավորներ, որ այդ դատարանի հանդեպ վստահությունը, դատարանի անաչառությունը կասկածի տակ չդրվի։ 

– Իսկ միգուցե լավ չեն փնտրում կամ այնտեղ չեն փնտրում, ուր պետք է։ Բնականաբար, բարձրագույն դատարանի կազմում պետք է լինեն փորձառու, մեծ պրակտիկա ունեցող, բարոյական բարձր նկարագրով, հասարակությունում հեղինակություն վայելող դատավորներ, ճանաչված իրավաբաններ։ Բարդ, բայց միաժամանակ շատ պարզ խնդիր է այս ընտրությունը։ Բայց մի պայմանով՝ եթե ընտրությանդ չափորոշիչները վերը թվարկվածներն են, այլ ոչ լոյալությունը, հավատարմությունը, քաղաքական գաղափարակից լինել-չլինելու փաստը։

– Ովքե՞ր կարող են դիմել Գերագույն դատարան, ի՞նչ խնդրով։ Ի՞նչ լիազորություններով պետք է օժտված լինի այդ դատարանը։

– Ըստ իս՝ Հայաստանում Գերագույն դատարանը պիտի իրականացնի սահմանադրական արդարադատության գործառույթները և, որպես իրավունքի դատարան, բացառիկ անհրաժեշտ դեպքերում պետք է վերանայի վերաքննիչ դատարանների դատական ակտերը՝ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու և միասնական դատական պրակտիկա ձևավորելու չափորոշիչներից ելնելով։ Այս գործառույթից էլ, բնականաբար, կբխի դիմող սուբյեկտների ցանկը։

 

 

 

                                                                                                                                Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

71