ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ բառացի գիտի, թե Օնիկ Գասպարյանն ինչ է խոսել Սերժ Սարգսյանի հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ընդունեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը` տարատեսակ մեկնաբանություններին վերջ տալու համար հրապարակել ԱԽ նիստի այն հատվածը, որտեղ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի ու կարող է հետ մղել և ձախողել հակառակորդի հարձակումը։

«Կարծում եմ` շատ լավ առաջարկ է, և մենք անպայման կդիտարկենք ԱԽ նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու հարցը ու կներկայացնենք հանրությանը»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իր` այսօր ավելի վաղ արված մեջբերումը Գասպարյանի խոսքի բառացի մեջբերումներն էին ԱԽ երկու նիստերից։

Երբ Մարուքյանը հիշեցրեց, որ մարտի 1–ի հանրահավաքի ժամանակ վարչապետն ասել է, թե Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել, Փաշինյանը խոսեց նաև Գասպարյանի և ՀՀ երրորդ նախագահի մասին։ Այս մասին գրումէ armeniasputnik.am-ը:

«Օնիկ Գասպարյանը ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին։ Ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանը ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից։ Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանի՝ պետական հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո, Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ»,– նշեց նա։



Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում 

14 Ապրիլ, 2021 18:14
385
; ;