Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ պետք է հաշվետվություն ներկայացվի գործուղման արդյունքների մասին։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 5 օրով գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում։

Ի դեպ, Սինանյանը մենակ չի մեկնում։ Նրան ուղեկցելու է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Ապրիլի 19-23-ը նրանք լինելու են ՌԴ-ում։ Առաջին կանգառը Ռոստովում է՝ ապրիլի 19-21-ը, այնուհետև Ռոստովից կմեկնեն Մոսկվա ու ՌԴ մայրաքաղաքում կլինեն ապրիլի 21-23-ը ներառյալ։

Նշվում է, որ Սինանյանն ու Ալեքսանյանը մեկնում են Ռոստովի հայ երիտասարդների միության հրավերով, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրությանը, Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի հրավերով` իրավաբանների համաժողովին մասնակցելու, ինչպես նաև համայնքային տարբեր շրջանակների ներկայացուցիչների, երիտասարդական խմբերի և անհատների հետ հանդիպելու նպատակով:

«Զարեհ Ջոն Սինանյանի և Հովհաննես Ալեքսանյանի գործուղման ճանապարհածախսի, գիշերակացի, օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին»,- նշված է որոշման մեջ;

Ըստ որոշման՝ Սինանյանն ու Ալեքսանյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնեն ուղևորության արդյունքների մասին հաշվետվություն:


 

338