Հաղորդավարուհի, բլոգեր Լիլիթ Սարգսյանն արդեն հինգ տարի է՝ ապրում է Միացյալ Նահանգներում: Լինելով մարքեթինգի սոցիալական կայքերի փորձագետ՝ ստեղծել է իր մարքեթինգային ընկերությունը և օգնում է մարդկանց, որպեսզի զարգացնեն իրենց բիզնեսը: Լիլիթը նաև օնլայն հագուստի խանութ ունի, որտեղ ներկայացնում է իր  մոդելավորած հագուստի տեսականին: Թեև հեռուստատեսությունում է աշխատում, բայց պատերազմի սկսվելուց ի վեր աշխատանքի չի գնացել: Պատերազմի հաջորդ օրը որոշել է`պետք է օգնություն հավաքագրի և Հայաստան ուղարկի, որպեսզի ինքն էլ իր կարողացածի չափով օգտակար լինի Հայրենիքին ու առաջնագծում կռվողներին:

«Քանի որ ինստագրամում բազմահազար հետևորդներ ունեմ, պատերազմի հենց հաջորդ օրը տեսանյութ հրապարակեցի, որպեսզի անհրաժեշտ ապրանքներ հավաքենք և ուղարկենք Հայաստան: Ընդամենը երեք ժամ հետո մարդիկ սկսեցին ապրանքներ բերել: Հավաքում էինք պայուսակներ, զինվորական կոշիկներ, հատկապես՝ քնապարկեր: Մոտավորապես 10 հազար քնապարկ կարողացանք հավաքել երկու օրում և ուղարկեցինք Հայաստան,- պատմում է Լիլիթը։- Առաջին անգամ ուղարկեցինք հարյուր, իսկ մեկ շաբաթ հետո՝ երկու հարյուր արկղ օգնություն: Երբ արկղերն ուղարկում էի, տեսնում էի, որ արդեն վիրավորներ ունենք: Եվ հավաքված օգնությունն ուղարկելուց հետո փորձեցի ամեն բան անել, որպեսզի գործունեությունը շարունակվի»:

Լիլիթը որոշեց, որ պետք է գումարներ հավաքվի զինվորների համար: Որոշեց ու գործի անցավ. «Միացյալ Նահանգներում մեծ գումարներ չես կարող հավաքել, եթե չունես բարեգործական ընկերություն: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի բարեգործական ընկերություն բացել «Հայերը միասին հիմնադրամ» վերտառությամբ: Ու  մարդիկ արդեն հիմնադրամին էին գումարներ փոխանցում»:

 «Հայերը միասին հիմնադրամ»-ը բաց ու թափանցիկ է աշխատում` հանրայնացնելով  յուրաքանչյուր անձի ուղարկած գումարը և քանակը:

«Յուրաքանչյուր զինվորի 300 դոլար էինք տալիս: Օրինակ, եթե այդ օրը երեք վիրավորի գումար փոխանցեցինք, նկարում էինք և տեղադրում էինք, թե ում ենք փոխանցել: Ու քանի որ հանրայնացնում էինք, զգում էի, որ մարդիկ մեծ վստահություն ունեն, և երկու շաբաթվա մեջ սկսեց շատ մեծ գումար հավաքագրվել: Պատերազմից սկսած մինչ օրս օգնել ենք արդեն 850 զինվորի` յուրաքանչյուրին 300 դոլարի չափով: Մոտ հարյուր զինվորի տվել ենք շատ ավելի մեծ քանակությամբ գումար, որովհետև ունեինք զինվորներ, որոնք ոտքերն էին կորցրել, ձեռքերը, կամ ընտանիքի անդամները շատ ծանր սոցիալական վիճակում էին գտնվում։ Ունենք տղաներ, որոնց 3000, 5000, 7000, 12 000  դոլար գումար ենք փոխանցել: Ու մարդիկ շարունակաբար տեսնում էին, թե իրենց տված գումարը ում է հասնում և որտեղ, քանի որ մայրս գումարը փոխանցելիս բարձրաձայն կարդում էր նվիրատուների անունները»:

Այս ընթացքում գրեթե մեկ միլիոն դոլար արդեն Լիլիթ Սարգսյանի ինստագրամի էջի շնորհիվ հավաքվել և ուղարկվել է Հայաստան: Պատերազմի ընթացքում նաև մեքենա են գնել պաշտպանության նախարարության համար, վրաններ և այլ պարագաներ ևս:

Օվկիանոսից այն կողմ ապրող հաղորդավարուհին չէր կարող հանգիստ նստել ու ոչինչ չձեռնարկել: Ճակատում էին նաև հարազատ քեռին ու զարմիկը.

«Ցավոք, պատերազմի ընթացքում կորցրեցի նաև քեռուս ու զարմիկիս: Ու այդ հանգամանքը ևս պատճառ հանդիսացավ, որպեսզի չդադարեցնեմ` շարունակեմ անընդմեջ օգնել զինվորներին: Ամեն օր, ամեն պահ չեմ մոռանում, որ իրենց պետք է օգնենք»:

 Երբեք անանուն օգնություն չեն ուղարկում` պարտադիր նշում են գումարը փոխանցած անձի անունը. «Ուզում եմ ընդգծել, որ հուրախություն բոլորիս՝ դեռ մարդիկ փոխանցումներ են կատարում և օգնում մեր տղաներին ու նրանց ընտանիքներին: Օգնությունը Հայաստան եմ ուղարկում քույրիկիս կամ հայրիկիս անունով: Գումարն ստանալուց հետո ծնողներս այցելում են գումարի հասցեատերերին և անձամբ փոխանցում են օգնությունը»:

Սկզբնական շրջանում զինվորներին կամ նրանց ընտանիքներին իրենք էին գտնում, բայց քանի որ հիմա կան բարեգործական հիմնադրամի էջերը, մարդիկ իրենք են ուղարկում իրենց տվյալները:

  Այժմ աշխատում են բարեգործական ընկերության մասնաճյուղը Հայաստանում բացելու ուղղությամբ, որպեսզի շարունակեն օգնել 44-օրյա պատերազմում զոհված տղաների ընտանիքներին և վիրավորներին: Լիլիթն ընդգծում է` պետք է շնորհակալություն հայտնել սփյուռքին, քանզի այդ օգնությունն սփյուռքի կողմից է:

Մանրամասները` տեսանյութում:

Հայկ Մագոյան

 

 

 


 

26 Ապրիլ, 2021 16:30
354
; ;