Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած ըմբիշները վերադարձան Հայաստան։

Գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը մեկնաբանեց ըմբիշների Եվրոպայի առաջնության ելույթները, հույս ունենալով, որ երիտասարդները ապագայում կլրացնեն մեծահասակների տեղը։  

Մեդալակիրներին «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու էին եկել ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ինչպես նաև մարզիկների հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու թիմակիցները։ 

Առաջնությունում 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 4։5 հաշվով պարտվել էր թուրք Էկրեմ Օզտուրկին։ Երրորդ տեղի համար գոտեմարտելով Բելառուսը ներկայացնող Արտյոմ Կացարի հետ, ժամանակից շուտ՝ 1 րոպե 1 վայրկյանում, 8։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Ռուդիկի միակ նպատակը ապրիլի 24-ին ոսկե մեդալ նվաճելն էր։

2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8։0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Ալեքսեյ Մասիկին, այնուհետև 9։0 հաշվով՝ Լիտվան ներկայացնող Էդգար Վենցկատիսին։ Սակայն Գալստյանը 4։5 պարտվեց լեհ Մետեուժ Բերնատեկին՝ չկարողանալով եզրափակիչ դուրս գալ։ Նա նվաճեց բրոնզե մեդալ, ժամանակից շուտ՝ 9։0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով մոլդովացի Դոնիոր Իսլամովի նկատմամբ։ 

2020 թ. աշխարհի անհատական գավաթի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում մրցագորգ էր դուրս եկել 1/8 եզրափակչից, ժամանակից շուտ՝ 9:0 հաշվով հաղթելով Խորվաթիան ներկայացնող Ալեն Ֆոդորին: Քառորդ եզրափակիչում տոնելով հերթական հաղթանակը՝ այս անգամ ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյի նկատմամբ 6։0 հաշվով։ Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչը 6։0 հաշվով հաղթեց լեհ Ռոման Պաչուրկովսկուն։ Ավաղ, ոսկե մեդալի համար պայքարում 1։4 հաշվով զիջեց Ռիո-2016 օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր վրացի Շմագի Բոլկվաձեին՝ նվաճելով արծաթե մեդալ։ 

 

Թագուհի Մանուկյան 

 

744