Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ, Գյումրիում ցուցադրության են հանվել  Մեծ հայրենականի հաղթական ընթացքը, նրա մասնակիցների կյանքի պատմություններն ու պատերազմական գործողություններում ունեցած նշանակալի դերերն արձանագրած ֆիլմերի ազդագրերի բնօրինակները։ 

 

Ցուցասրահում ավագ սերունդը սիրելի ֆիլմերի ազդագրերն էր փնտրում, երիտասարդները՝ ծանոթանում  իրենց համար անհայտ հին կինոյի հետ։ Գուրգեն Տարախչյանը հիշում է՝ իրենց սերնդի երիտասարդ տարիներին այս ֆիլմերից շատերը դաստիարակչական մեծ ավանդ են ունեցել․

«Մեր ժամանակներում մենք ավագ սերնդին շատ լավ  էինք ընդունում, էն պարտիզաններին, որոնք հայրենական պատերազմի մասնակիցներ էին և իրենց դաստիարակությամբ մենք դաստիարակվեցինք, ուրախ կլինենք, որ անկախ Հայաստանի սերունդը ևս դաստիարակվի իր հերոսներով։ Վերջին և նախորդ պատերազմների հերոսները օրինակ լինեն նրանց համար։ Հայրենիքը սիրում են մինչև վերջ, սա է բոլոր հաղթանակների գրավականը»։

 

Բացառիկ նմուշները երկար տարիներ իր անձնական հավաքածուում պահել է Սթիլ թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը։ Նմուշահավաքը շեշտում է ազդագրերում հիմնականում սովետական զինվորի կերպարն է, նրա հայրենասիրական ոգու արտացոլումը, իսկ սովետական կինոն, որը տարբերվում է ժամանակակից կինոարվեստից, կառուցված է հիմնականում դերասանական խաղի և էմոցիաների արտահայտման վարպետությամբ և դա է, որ երիտասարդությանը պետք է գրավի ֆիլմերում․

«Հազվագյուտ երիտասարդներ կլինեն, որոնք էս ֆիլմերը նայել կուզենան, որովհետև իրանց մտածողությունը, իրենց կյանքի ռիթմը բոլորովին տարբերվում է այդ ժամանակաշրջանի կյանքի ռիթմից։ Եթե այսօր հիմնականում էքշններ են, սարսափելի արագությամբ սցենարը պտտվում է, դեպքերը տեղի են ունենում վայրկյանների ընթացքում, ապա այս ֆիլմերը, ճիշտ է ՝դանդաղ չեն, բայց շատ հավասարակշռված են, որն էլ մարդուն ո՛չ չափազանց լարված կպահե, ո՛չ չափազանց իներտ կպահե»։

 

Ֆիլմերի աֆիշներում տեղեկատվական պատերազմի դասական օրինակներ ևս կան, նկատում է ՇՊՀ արվեստի ամբիոնի վարիչի ժ/պ Օֆելյա Կուրազյանը։ Հոգեբանական ազդման նպատակով ֆաշիստների և նրա դեմ պայքարող սովետական զինվորի և քաղաքացու կերպարների համեմատության վիզուալ պատկերավորումը վառ արտահայտված է ազդագրերում․

«Էստեղ կա և՛ հայրենասիրական դաստիարակություն, և՛ գաղափարախոսություն։ Խորհրդային և՛ ֆիլմերում, և՛ այս վահանակներում թշնամու կերպարը աղավաղված էր, հիպերտրոֆիկ հիմարացված էր։ Սա հայտնի հոգեբանական ազդման միջոց է։ Գաղափարախոսությունը և հայրենասիրական դաստիարակությունը շատ կարևոր է, իսկ վիզուալ ինֆորմացիան, որը փոխանցվում է ցուցապաստառների տեսքով,ունի շատ մեծ հոգեբանական ազդեցություն և շատ կարևոր դեր։»

 

 

Աղբյուրը՝  shantnews.am

596