Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՏՄ) ընդլայնված կազմով նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին եւ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովին ջերմ ընդունելության համար։ 

«ԵԱՏՄ-ի գործունեությունը, որը անդամ պետությունների տնտեսական զարգացման՝ որակապես նոր հիմունքներով զարգացման համար լրացուցիչ խթան տրամադրեց, այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք էապես կազդեն ընդհանուր առմամբ միջպետական ինտեգրման էֆեկտների վրա»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ համաճարակը եւ դրան ուղեկցող համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեցին տարբեր ոլորտներում համագործակցության պահանջվածությունը։

«Իհարկե, 2020 թվականը վերհանեց մի շարք նոր խնդիրներ, որոնց կարգավորմանն ուղղված լուծումները վերաբերում էին այնպիսի հարցերի, ինչպիսիք են ներքին շուկայի գործունեությունը, զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանման և ներմուծման կանոնակարգումը: Հարկ է Միության ինտեգրացիոն ներուժի հետագա բացահայտման պրիզմայով դիտարկել նաև տիեզերքի գծով միջպետական ​​ծրագիրը, որը մենք երեկ քննարկում էինք: Վստահ եմ, որ այս ուղղությամբ համակարգված աշխատանքի արդյունքը երկար սպասել չի տա:

Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից կցանկանայի առանձնացնել այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումն առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարեւորեց համագործակցության փաստաթղթի ուղենիշներից մեկը՝ նորարարական զարգացման եւ արդյունաբերության թվային ձեւափոխման համատեղ խթանումը։

«Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական միջավայրը՝ որոշիչ նշանակություն ունի տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի անցումը։ Թվային ձեւափոխումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն կարծիքին ենք, որ համագործակցությունը հետագայում անհրաժեշտ է խորացնել այս ուղղությամբ:

Համոզված եմ, որ հեռանկարում ռազմավարական ուղղությունների իրականացումը մեզ թույլ կտա երաշխավորել համաձայնեցված քաղաքականության անցկացման ելքը, եւ այլ միջոցների հետ զուգահեռ կծառայի միությունում արտադրվող ապրանքների մրցունակության շահերին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց նիստի բոլոր մասնակիցներին համատեղ աշխատանքի համար եւ եւս մեկ անգամ հիշեցրեց հայկական կողմի համագործակցման պատրաստակամության եւ անփոփոխ վճռականության մասին։

«Հայկական կողմը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա զարգացման և միության ինտեգրացիոն ներուժի հետևողական բացահայտման համար»,- նշեց Փաշինյանը։ 

 

 

446