Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 30-ին՝ ժամը 07:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել են երկու հրշեջ-փրկարար, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:05-ին:

1268