Մայիսի 2-ին Դիլիջանի միջազգային դպրոցում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպած՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովին։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՀ կառավարության ոլորտային նախարարներ և այլ պատասխանատու պաշտոնատար անձինք:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են չորս աշխատարաններ, որտեղ ԱՀ կառավարության անդամները, տասնյակ գործընկեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու աշխարհի տարբեր երկրներից ոլորտային առաջատար մասնագետներ քննարկել են Արցախի առողջապահության, կրթության, մշակույթի, տնտեսական ու սոցիալական ոլորտներում առկա խնդիրները, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքները, ինչպես նաև նախանշել են դրանց լուծմանն ուղղված հետագա ծրագրերի ուղղություններն՝ ըստ առաջնահերթությունների ու կարողությունների:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքներն ու վնասները, կառավարության կողմից իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև արտաքին աջակցության հիմնական սկզբունքները: Նա կարևորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված համաժողովը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է վերջին պատերազմի հետևանքները գնահատելու և միասնական ուժերով Արցախը վերականգնելու ու զարգացնելու համար:

04 Մայիս, 2021 17:02
135
; ;