
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում շնորհելու կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:
Օրինագիծն ընդունվեց միաձայն: Կողմ քվեարկեց 83 պատգամավոր:
Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց,որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի: