Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը 2020 թվականին սկսել է իրականացնել ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ աշակերտներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրն իրականացվում է 6 մարզի 10 դպրոցում, որոնք ընտրվել են ներկայացված դիմումների հիման վրա։ Այդ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար մշակվել են ուսումնական նյութեր, և կազմակերպվել առցանց դասընթացներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրի, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» ոլորտային առաջատար փորձագետների ներգրավմամբ։ Այնուհետև ֆիզիկայի ուսուցիչները գլխավորել են դպրոցներում ձևավորված «կանաչ» ջոկատները, իրականացրել տեսական և գործնական դասընթացներ՝ աշակերտների կողմից էներգաօգտագործման ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։

«Կանաչ» ջոկատների խնդիրներից էր կատարված ուսումնասիրությունների հիման վրա մշակել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր և ներկայացնել «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցում» մրցույթին՝ դրանք դրամաշնորհային միջոցներով կյանքի կոչելու նպատակով։ Օրերս Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում տեղի է ունեցել համանուն միջոցառումը, որի ժամանակ «կանաչ» ջոկատներում ընդգրկված աշակերտները նախ մասնակցել են ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները ստուգող մրցույթին, ապա ներկայացրել են իրենց մշակած ծրագրերը:

Գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ հաղթել են Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ, Լոռու մարզի Վանաձորի Ծ. Իսակովի անվան թիվ 23, Ստեփանավանի Ս. Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցները: Ծրագրով նախատեսվում էր միայն 4 դպրոցի հնարավորություն տալ իրականացնել ներկայացված ծրագրերը, սակայն գնահատող հանձնաժողովի անդամ, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն Կարեն Ասատրյանը հաճելի անակնկալ է մատուցել՝ ևս մեկ դպրոցի հնարավորություն տալով, որ կյանքի կոչի իր առաջարկած ծրագիրը։ Բարձր ցուցանիշներով հաջորդ դպրոցը եղել է Շիրակի մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցը։

Ծրագրերի իրականացման համար դպրոցներին տրամադրվել է 2 միլիոն ՀՀ դրամին համարժեք էներգախնայողության ապահովման և էներգաարդյունավետության բարձրացման գործողությունների իրականացման պարգևատրման վկայական: Վկայականներ և շնորհակալագրեր են ստացել նաև դպրոցների տնօրենները և ֆիզիկայի ուսուցիչները: Բացի դրանից՝ դպրոցներին տրամադրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից մշակված «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի հավաքածուն։

146