Ամեն տարի մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր:

Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրերը միավորվել են մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի կազմում:

Գործելով անհատապես, նաև որպես թիմի անդամ, բուժքույրերը նպաստում են համայնքներում մարդակենտրոն և ծախս-արդյունավետ բժշկական ծառայությունների տրամադրմանը: Համայնքներում բուժքույրերն արդյունավետ աշխատուժ են երեխաների, կանանց, տղամարդկանց, ինչպես նաև ծերացող բնակչության առողջության պահպանման և բարեկեցության հարցում, տրամադրում են առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային բազմազան ծառայություններ, ներառյալ` հիվանդությունների կանխարգելում, բնակչության իրազեկում, քրոնիկ հիվանդներին խնամքի ապահովում, շտապօգնության ծառայությունների և պալիատիվ խնամքի ապահովում:

Հարկ է նշել, որ բուժքույրերն առանցքային դեր ունեն նաև համայնքներում արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակներին պատրաստվելու և արձագանքելու հարցերում, ներառյալ` վնասվածքների ժամանակ առաջին օգնության, վերականգնողական խնամքի տրամադրումը և հոգեբանական աջակցությունը:

Օրը առիթ է երախտիքի խոսքեր ուղղելու բոլոր այն բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կատարում են իրենց մասնագիտական պարտքը։ Անգնահատելի է նրանց դերն առողջապահության ոլորտում, հատկապես վերջին 15 ամսվա ընթացքում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում:

Գթասրտության և հոգատարության ներքո բուժքույրն իր մասնագիտական առաքելությունն է իրականացնում: Թերևս ոչ մի բժիշկ չի կարող պատկերացնել իր աշխատանքն առանց բուժքրոջ մասնակցության:

Շնորհավորում ենք բուժքույրերին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք ու քաջառողջություն:

12 Մայիս, 2021 15:19
137
; ;