Մայիսի 12-ին Սուրենավան գյուղի ձկնաբուծարանի վարչական շենքում հրդեհ էր բռնկվել: Հրշեջների հետ ահազանգով դեպքի վայր էին մեկնել նաև ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները: Աշխատասենյակներից մեկն էր հրդեհվել: Կրակը մարելուց հետո միջոցառումներ էին ձեռնարկվում դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ, երբ երեկոյան նույն ձկնաբուծարանի շենքի վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց:
Տնօրենը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր հրդեհված աշխատասենյակում գտնվող երկաթե պահարանի դուռը և պարզել, որ պահարանից գողացել են կես միլիոն դրամ:
Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզներն անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ գողությունը հնարավոր է կատարած լինի ձկնաբուծարանի պահակապետը:
Կասկածվողը Արարատ գյուղի բնակիչ էր, 30 տարեկան: Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ պահակապետը բանալիով բացել էր պահարանի դուռը, գողացել փողը և հրկիզել աշխատասենյակը` տպավորություն ստեղծելու համար՝ իբր հրդեհ է եղել, այլ ոչ թե գողություն:
Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

821