ՀՀ ազգային «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ընդդիմադիր գործընկերներին հորդորեց ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում է սահմանային իրավիճակը, փոխադարձ մեղադրանքներով հանդես չգալ, այլ ճիշտ գնահատել իրավիճակն ու միասնական ճակատով հանդես գալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում, որը հրավիրվել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ:

Նա նախ շնորհակալություն հայտնեց նիստը նախաձեռնելու համար ու նշեց. «Կարծում եմ, որ մեր խնդիրը հիմա ոչ թե փոխադարձ մեղադրանքներով այսօր այստեղ հանդես գալն է, այլ իրավիճակը ճիշտ գնահատելը և միասնական ճակատով հանդես գալը: Եթե մեր խնդիրը, այս նիստի նպատակն այն է, որ գանք, մտածենք, թե ով ինչը վատ արեց, ապա այո, կարող են բազմաթիվ թերացումներ լինել, դրա մասին էլ ժամանակ կլինի խոսելու»:

 Հայրապետյանը հիշեցրեց՝ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն էլ նշել է, որ դեռևս պետք է պարզվեն հանգամանքները: Նա շեշտեց, որ իրենց խնդիրը ԱԺ նիստում մեղավորներ փնտրելը չէ, այլ հասկանալը, թե ինչ ճանապարհով են առաջ գնում: «Ներքին թշնամիներ փնտրելու ժամանակ չէ»,-ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանը նաև նշեց՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ Ալիևի հռետորաբանությունը, տասնամյակներ շարունակ է այդ հռետորաբանությունը եղել: «Ու եթե ուզում եք ասել, որ Ալիևն առաջին անգամ էր Զանգեզուրի մասին խոսում, ապա ոչ, Ալիևը Զանգեզուրի մասին դեռևս 2000-ականների սկզբին էր խոսել»,-ասաց պատգամավորը՝ պատասխանելով ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի ելույթին:

Զոհրաբյանն իր ելույթում, մասնավորապես, հիշեցրել էր Ալիևի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե Զանգեզուրով 40 կիլոմետրանոց «միջանցքի» խնդիրն անպայմանորեն լուծվելու է, և դա ընդամենը ժամանակի հարց է: Զոհրաբյանը նաև հարց էր բարձրացրել, թե ինչու՞ որպես դիվերսանտներ գերեվարված չեն ՀՀ սահմանն անցած ադրբեջանցի 250 զինվորականները: «Ես խնդրում եմ ձեզ պատասխանել հարցին, թե ո՞րն է գինը, որ հիմա չեք գերեվարում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին , և ի՞նչ են անում նրանք հիմա ՀՀ պետական սահմանից անդին՝ Սյունիքում, Գեղարքունիքում»,-նշել էր Զոհրաբյանը:

Նա հիշեցրել էր նաև, որ ԱԱԾ-ն հայտարարությամբ հորդորել էր խուճապ չտարածել: «Սակայն անվտանգության խորհրդի նիստից իմացանք, որ վիճակն օրհասական է»,-նշել էր Զոհրաբյանը:

Պատգամավորը նաև  իր դժգոհությունն էր հայտնել, որ ԱԺ արտահերթ նիստին չեն ներկայացել  Պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը, բոլոր պատասխանատուները, որոնք կարող են բացատրություն ներկայացնել Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

402