ՀՀ Պաշտպանության նախարարությունը կրկին անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրավիճակին։

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել, տեղեկացնում են   Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ: 

Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը: 

«Այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:  

Ադրբեջանական ստորաբաժանումները  մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից»,-նշված է հաղորդագրության մեջ: 

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ: 

Իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

1843