ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման փոխնախարար Կայրաթ Տորեբաևի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԲՏԱ նախարարության ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ 

 

Հանդիպման նպատակն էր քննարկել բարձր տեխնոլոգիաների, նորարարական լուծումների, թվայնացման, ոլորտային արդյունաբերության, առաջավոր փորձի փոխանակման շուրջ փոխադարձ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ  հարցեր, որոնք կներառվեն Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում։

 

Ողջունելով ղազախական պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հույս է հայտնել, որ արդյունավետ և ակտիվ քննարկման արդյունքում ըստ արժանվույնս կմշակվեն օրակարգային հարցերը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են պարբերաբար համատեղ բիզնես-ֆորումներ անցկացնելու հնարավորությունները, որոնց շրջանակներում երկու երկրների ոլորտային կազմակերպությունները կկարողանան քննարկել տնտեսական հարաբերությունների զարգացման և նախագծերի մշակման հարցեր:

 

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ընդունել ղազախական պատվիրակության ներկայացուցիչներին՝ ոլորտում առաջատար դիրք գրավող հայկական կազմակերպությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: 

 

Քննարկվել է նաև Ղազախստանի դպրոցականների և ուսանողների համար ՀԱՃԼ (ANEL)  ճարտարագիտական լաբորատորիաների  հայկական հարթակի ներդրման հնարավորությունը և մի շարք այլ առաջարկներ:

15 Մայիս, 2021 15:44
226
; ;