«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։ Ներկայացվել է հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական հարուստ արվեստը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող, Հայաստանի գրեթե բոլոր գորգագործական ու կարպետագործական կենտրոններին վերաբերող ժողովրդական արվեստի նմուշների արժեքավոր հավաքածուի մեջ են կարպետները, կարպետագործ իրերը, գորգերը։

«ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող հավաքածուն նշանակալի է ու բավականին հետաքրքիր։ Դրանք արտացոլում են տարբեր ժամանակաշրջաններում մեր պատմության ու կենցաղի մի մասը։ Մեր ՊՈԱԿ-ը հուշարձանների պահպանությանը զուգահեռ նաև կրթական, գիտակրթական միջոցառումներ է անցկացնում, որոնք միտված են երիտասարդ սերնդին ճիշտ կրթելուն։ Ուրախ ենք, որ այսօր ցուցադրության բացմանը նաև բարձր դասարանների աշակերտներ կան, և անկախ նրանից, թե հետագայում ինչ մասնագիտություն կընտրեն նրանք, պետք է հրաշալի իմանան հայոց պատմությունը, հայկական մշակույթը»,- բացման խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։

ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիանա Գևորգյանը և Գիտամշակութային ցուցադրությունների ու միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը ներկայացրել են հավաքածուն ու դրանց առնչվող հետաքրքիր տեղեկույթ։

Ցուցադրության մեջ ընդգրկվել են տարբեր տարիներին գործված գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, աղի քսակներ, ասեղնագործ ու ժանեկագործ իրեր, ինչպես նաև 20-րդ դարի 2-րդ կեսով թվագրվող դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման և խեցեգործության նմուշներ։

 

Հայկական դեկորատիվ-կիրառական արվեստը մշտապես ուղեկցել է հայ ժողովրդին բոլոր ժամանակաշրջաններում՝ փոփոխվելով ու հարմարվելով նոր իրավիճակին։ Խորհրդային տարիներին այն զարգացման նոր փուլ է թևակոխել՝ Հայաստանում ձևավորվել է դեկորատիվ-կիրառական արվեստի ուրույն դպրոց, որը հարստացրել է մեր մշակութային գանձարանը բարձրարվեստ ստեղծագործություններով:

 

Ցուցադրությունը կտևի մինչև հունիսի 16-ը։

18 Մայիս, 2021 17:39
151
; ;