Երեւան քաղաքի ավագանին առաջարկում է աղբահանության վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն տալ Արցախյան պատերազմների, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:

Նախագծով արտոնություն տալու առաջարկ է արվում նաեւ անհետ կորած կամ մահացած ճանաչված, գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին:

Նախագծի հաստատման դեպքում վերոնշյալ խմբերին պատկանող անձինք կամ իրենց ընտանիքները կազատվեն մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը առկա աղբահանության վճարի պարտավորություններից ու հաշվարկված տույժերի վճարումից՝ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

«Աղբահանության վճարի արտոնություն սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը ավագանու քննարկման է ներկայացվել հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերոնշյալ զինծառայողներն ու իրենց հարազատները գտնվում են ծանր հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակում:

Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամներ են հանդիսանում ամուսինները, ծնողները եւ զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), տատը եւ պապը, եթե նրանք զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում, ինչպես նաեւ քույրերը եւ եղբայրները, եթե վերջիններս զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում ու ամուսնացած չեն եղել:

1079