
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով՝ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ. «Դեռեւս 2018-ին ստորագրվել է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որն Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2020-ին: Արձանագրությամբ նախատեսված տեղեկատվության փոխանակումը պատշաճ ապահովելու համար առաջարկվում է լրացնել օրենսգրքի 134 հոդվածը»: Սահմանվում է, որ հարկային գործակալները յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հարկային մարմին կներկայացնեն տեղեկություններ այն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների եւ նրանց վճարած եկամուտների, պահված շահութահարկի գումարների վերաբերյալ, որոնց առնչությամբ ՀՀ-ն միջազգային պայմանագրերով ստանձնել է պարտավորություններ:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը:
Հանձնաժողովում կայացած մասնագիտական քննարկումը՝ այստեղ: