ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի կապակցությամբ:

«Սիրելի՛ շրջանավարտներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Կյանքի այս կարևոր փուլը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա ճանապարհը, որն այս պահին շրջադասային է ու որոշիչ: Եվ կյանքի կարևորագույն այս խաչմերուկում ՀՀ կառավարությունն աջակցում ու սատարում է ձեզ ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ որակյալ կրթություն ձեռք բերելու, ինքնաիրացվելու, անհատական կարողությունները զարգացնելու և դրսևորելու հարցերում:

Փորձի ու գիտելիքի ձեռքբերման այս նոր ճանապարհին ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ մաղթում եմ ձեզ կամք և համառություն. սիրե՛ք ձեր մասնագիտությունը՝ լինեք բժիշկ, թե ուսուցիչ, փրկարար, թե պարուսույց, արհեստավարժ եղե՛ք ձեր ոլորտում՝ անկախ դժվարություններից: Դուք արդեն ապացուցել եք, որ միասնաբար կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ հաղթահարելով և ապահովելով կրթության շարունակականությունը համավարակի ու պատերազմի պայմաններում: Թող ձեր համառությունն ու միասնականությունը միայն հաղթանակներ կերտեն:

Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, ձեզ ևս շնորհավորում եմ այս պայծառ տոնի առիթով: Շնորհակալ եմ ձեր ջանքերի ու նվիրումի, այս օրերին ծառացած խնդիրները միասնաբար լուծելու պատրաստակամության համար: Վստահ եմ՝ ձեր տված փորձն ու գիտելիքն ուղենշային կլինեն մեր շրջանավարտների՝ որպես հայրենանվեր քաղաքացիներ ձևավորման գործում:

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրե՛ք հայրենիքի բարօրությանը, մեր պետության կայացմանն ու արժանապատիվ ապագային: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ և բարի երթ»,- ասված է Դումանյանի ուղերձում:

787