
«Երբ ձեր դաշինքի առաջին համարը Հայաստանի Հանրապետության ղեկավարն էր, այս դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 27, այս դահլիճում գլխատվել է Հայաստանի Հանրապետությունը, որի համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել եւ ձեր առաջին համարը ասել է, որ դա մի սովորական «ուչաստկովիի» գործ է։
Դուք դեռ երես ունեք գալ եւ խոսել Արցախը հանձնելու, դավաճանության, մեր նահատակների մասին եւ այդ ձեր խոսքը համեմեք մանր-մունր ստերով, ասելով, որ մենք ունենք 5000 զոհ։ Հաճու՞յք եք ստանում սխալ թվեր ասելով, հաճու՞յք եք ստանում, որ ասում եք 5000 զոհ ունենք։ Ի՞նչն է դրանից ձեզ հաճույք պատճառում։
Երբ փակ դահլիճներում հանդիպումները փոխարինեք մարդկանց հետ հանգիստ, ազատ, փողոցային, բակային, գյուղական, համայնքային հանդիպումների ժամանակ շփումներով, կիմանաք, թե ով՝ ով է եւ ով՝ ում մասին ինչպիսի կարծիք ունի։ Եկեք միասին գնանք որեւէ գյուղ, փորձեք։ Դուք իհարկե չեք գա, ասելով, որ մեզ հետ գնալու տեղ չունեք, այդ պատասխանը պետք է ակնկալել, բայց դա ընդամենը ինքնապաշտպանական ձեր մեխանիզմներն են։ Ընդամենը լսեք ձեր առաջնորդի ելույթները, երբ նա փորձում է «ժողովրդական» լեզվով խոսել ժողովրդի հետ։ Պետք չէ նմանակել ժողովրդական լեզվով խոսող մարդկանց, դա ձեզ մոտ չի ստացվում։
Ամենասարսափելին, երբ երեկ ասում է՝ Եռաբլուր գնալը դերասանություն է, գերեզման գնալը դերասանություն է, դրանից սարսափելի բան ես չէի կարող լսել։ Դա ասում է մի մարդ, ով այսօր ուզում է դուրս գալ մարդկանց մոտ եւ մասնակցում է խորհրդարանական ընտություններին։ Դա ասում է մի մարդ, ում վռնդեցին Եռաբլուրից, դա ասում է մի մարդ, ով ձեռքերը գրպանները դրած քայլում էր Եռաբլուրում եւ այդ մարդը դեռ շարունակում է խոսել»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր Արփինե Դավոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: