ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում այսօր քննարկվեցին 2020-ի պետական բյուջեով Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Արագածոտնի մարզպետարանը հաշվետու տարում օգտագործել է 517 մլն դրամ, ճշտված ծրագիրը կատարվել է 93.4 տոկոսով: Արմավիրի մարզին տրամադրվել է 546 մլն դրամ, արձանագրվել է շուրջ 99 տոկոս կատարողական: Արարատի մարզպետարանն օգտագործել է 537.5 մլն դրամ, ճշտված ծրագրի կատարողականը եղել է գրեթե 93.9 տոկոս: Գեղարքունիքի մարզին նախատեսված 759 մլն դրամի դիմաց կատարողականը կազմել է 98.1 տոկոս: Լոռու մարզպետարանը ծախսել է 634 մլն դրամ, ճշտված ծրագրով կատարողականը եղել է 98.67 տոկոս: 2020-ին Կոտայքի մարզպետարանն օգտագործել է շուրջ 581 մլն դրամ, ճշտված ծրագրի դիմաց արձանագրվել է 99.8 տոկոս կատարողական:

Շիրակի մարզպետարանը հատկացված միջոցներից օգտագործել է 688 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.2 տոկոս: Սյունիքի մարզպետարանն օգտագործել է 559 մլն դրամ, ճշտված ծրագրի դիմաց արձանագրվել է 97.4 տոկոս  կատարողական: Վայոց ձորի մարզպետարանը ծախսել է 434 մլն դրամ, կատարողականը կազմել է 96.1 տոկոս: Տավուշի մարզպետարանն օգտագործել է 570 մլն դրամ, ճշտված ծրագրով կատարաղականը եղել է 95.5 տոկոս:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ 7 խոշոր ծախսային ծրագրեր են իրականացվել 52 միջոցառումներով: Փաստացի ծախսվել է 100.1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 88.2 տոկոսը:

«Տարածքային զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվել է 15 միջոցառում՝ նախատեսված 80.4 մլրդ դրամից ծախսելով 75.3 մլրդը:

«Մարզերին սուբվենցիաների տրամադրում» ծրագրի նպատակը ենթակառուցվածքների զարգացումն է: Այդ նպատակով 373 համայնքում շուրջ 700 ծրագիր է իրականացվել: Նախատեսված 17.7 մլրդ դրամի դիմաց ծախսվել է 14.5 մլրդ դրամ:

«Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառման շրջանակում պլանավորված 800 մլնի դիմաց հատկացվել է 754.2 մլն դրամ:

«Ֆինանսական փոխհատուցում ՏԻ մարմիններին» ծրագրով 95.3 տոկոսով ֆինանսավորում է եղել՝ կազմելով 3.3 մլրդ դրամ:

Կորոնավիրուսի համավարակով ու պատերազմով պայմանավորված՝ տարբեր որոշումներով շուրջ 9 ծրագիր է իրականացվել՝ ծախսելով 1.6 մլրդ դրամ:

«Քաղաքային զարգացում» ծրագրի շրջանակում 21 միջոցառում է իրականացվել:

Խոշորացված համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի հարցին ի պատասխան՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում խոշորացված համայնքներում ընդգրկված գրեթե բոլոր համայնքներում առանձին ծրագրեր են իրականացվել: Այն համայնքները, որոնք փորձել են իրենց միջոցներն ավելի արդյունավետ պլանավորել ու ծախսել, սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու ավելի մեծ հնարավորություն են ունեցել:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը տեղեկացրեց, որ 2020-ին Երևանի քաղաքապետարանի փաստացի եկամուտները կազմել են 73 մլրդ 364 մլդ դրամ, կատարողականը 86.4 տոկոս է:

Նպատակային հատկացումների սուբվենցիաների փաստացի եկամուտը կազմել է 8 մլրդ 323 մլն դրամ:

Պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն 32 մլրդ դրամի դիմաց կազմել է 26.2 մլրդ դրամ՝ արձանագրելով 82 տոկոս կատարողական:

Ի պատասխան հարցադրման՝ քաղաքապետի տեղակալը նշեց, որ Երևանում 2019-2020 թթ. ընթացքում համայնքի կողմից 520 վերելակ է փոխարինվել: 

1051