
Վերջին երկու օրերի ընթացքում հայկական մեդիադաշտում արդեն երեք սոցիոլոգիական հարցման արդյունքներ են հրապարակվել և շրջանառվել, որոնք մեկը մեկից ցնցող են։ Նախ պետք է նշել, որ այդ վայ-հարցումներով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը կամ բացարձակ առաջատար է, կամ՝ վարկանիշով արդեն հասել է Փաշինյանի գլխավորած Իմ քայլը կուսակցությանը։
Նախ ամենազավեշտալի հարցման մասին՝ ինչ-որ անհասկանալի և անհայտ ծագման ПОЛИТУПРАВА https://t.me/polituprava/236 անունով տելեգրամյան ալիքը գրել է, թե իբրև իրենց գործընկերները մեկնել են Հայաստան և սոցհարցումներ են անցկացրել, որոնց մասնակցել է 14 հազար 354 քաղաքացի (!)։ Որպեսզի հասկանալի լինի, թե սա ինչ աբսուրդային թիվ է, նշենք, որ միջազգային հեղինակավոր IRI կազմակերպության հարցումներն անցկացվում են մոտ 1000-1500 քաղաքացիների շրջանում։ Դրանից ավել շրջանակում հարցում անցկացնելը հսկայական ծախսերի և ռեսուրսների հետ է կապված, ինչը նույնիսկ IRI-ը չունի։ Ուր մնաց՝ ինչ-որ մութ անկյունից ծլած տելեգրամյան ալիք կարողանա 14 հազարից ավել քաղաքացու հարցում անցկացնել։
Բայց այստեղ առավել զավեշտալի են արդյունքները՝ Ռոբերտ Քոչարյանի դաշինք՝ 49,7%, Իմ քայլը՝ 16,4%, ԲՀԿ՝ 11,7%: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը շատ կցանկանար տեսնել այս ցուցանիշներն իրականում, բայց լավ կլինի խնայի իր գումարները և դրանք ծախսի առավել նպատակային, քանի որ սա ոչ 1998 թիվն և ոչ էլ՝ 2003։
Հաջորդ զավեշտալի հարցումը, որը հրապարակվեց այսօր՝ կրկին տնայնագործ սոցիոլոգիական հարցումների շարքից էր, որն այս անգամ նկարել էին Ուկրաինայում։ Իսկ հարցման պատվիրատուն էր ոչ ավել, ոչ պակաս՝ Փաստինֆո գործակալությունը։
Գաղտնիք չէ, որ Փաստինֆո գործակալությունը պատկանում է Միքայել Մինասյանի հետևորդ Արա Սաղաթելյանին, ով իր հերթին աշխատում է նաև Քոչարյանի դաշնակից Վահե Հակոբյանի անձնական և քաղաքական կարիքները հոգալու համար։ Իսկ թե ինչ արդյունք պետք է ստացվեր անհայտ ծագման և առանց մեթոդաբանության հրապարակված սոցհարցման արդյունքներից՝ ավելորդ է նշել։ https://www.pastinfo.am/hy/news/2021/06/07/uyt8glece/1216445
Իսկ ահա ամեննուրբ մշակված և հետևողականորեն մատուցվող կեղծ սոցհարցումները մատուցում է հայաստանյան Gallup ՍՊԸ-ն, որը հատուկ այնպիսի անուն է ընտրել, որպեսզի քիչ-թե շատ տեղեկացված մարդիկ այն շփոթեն ամերիյան հայտնի Gallup կազմակերպության հետ։
Ահա այս կազմակերպությունն իր վերջին երեք հարցումներում պարբերաբար առիթ-անառիթ նշում է, թե իբրև Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունն անկասելի բարձրանում է, իսկ Փաշինյանի հեղինակությունն անկասելի անկում ապրում։
Ոմանք սրան իհարկե կարող էին հավատալ, սակայն վերջերս համացանցում հայտնվեցին արտահոսած տվյալներ այն մասին, որ իրականում հայաստանյան Gallup-ի իրականացրած հարցումների իրական արդյունքները լրիվ այլ են ու դրանք փակ ծրարով տրամադրվել են Քոչարյանին ու նրա դաշնակիցներին։ https://t.me/bagramyan26/29777 Արտահոսած տվյալները լրիվ այլ պատկեր են ցույց տվել, իսկ Քոչարյանի դաշինքում լուրջ մտավախություններ են ի հայտ եկել այդ կապակցությամբ։
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Քոչարյանը և նրա մեծահարուստ թիմակիցները փորձեր են անում զանազան անհայտ ծագման և հորինված սոցիալական հարցումներով ազդել հանրային տրամադրությունների վրա, տպավորություն ստեղծել, թե Քոչարյանի վարկանիշը բարձր է կամ բարձրանալու միտում ունի։
Մինչդեռ, ինչպես նշվեց վերևում, այժմ 2000-ականների մեդիավակումի ժամանակները չեն, երբ անցանկալի տեղեկատվություն հաղորդողներն արգելափակվում էին, իսկ դաշտը լցվում էր վարձու գրչակների հորինվածքներով և նկարված սոցիալական հարցումների արդյունքներով։