Այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ միակ մնացած փոխնախարար Արմեն Ղեւոնդյանը պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչ վիճակ է հիմա ԱԳՆ-ում։

«Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները տվել են հրաժարականի դիմումներ, այս պահին դիմումները բավարարվել են մասնակի»,- ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանը։

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պարզաբանեց՝ ինչու չի բավարարվել Ղեւոնդյանի աշխատանքից ազատման դիմումը։

«Չի կարող ԱԳՆ-ն մնալ առանց որեւէ պաշտոնակատարի, չի կարող արտաքին գործերի նախարարությունը մնալ առհասարակ առանց որեւէ նախարարի պարտականությունները կատարողի։

Պարոն Այվազյանի մեղադրանքների վերաբերյալ, կարծում եմ, իրենից պետք է հարցնեք։ Ուզում եմ միասին շատ կարեւոր փաստ արձանագրենք՝ մայիսի 12-ի միջադեպերից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր։

ԱԳ նախարարը ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում է, եւ այդ նիստերին քննարկվել են բոլոր հարցերն ու որոշումները, որոնք որ կայացվել են։ Բոլոր որոշումները կայացվել են ԱԳ նախարարի ներկայությամբ»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Ավինյանը։

1802