Մինչև անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումը ընտանիքի անդամներն աջակցություն կստանան 9 ամիս ժամկետով: Այդ որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Գործող կարգի համաձայն՝  ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի` «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ծրագրի շահառու են հանդիսանում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները`  ծնողները և ամուսինը:

Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: 2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը 4 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորա­բաժանում:

Եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար, ապա 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից, հետևաբար` մայիս ամսվան հաջորդող ամսվա 1-ից պետք է դադարեցվեր նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը:

Այսպիսով` ներկայացված նախագծով հստակեցվում է որոշման շահառու հանդիսացող անձանց կողմից և հիմնադրամի շահառու ճանաչվելու դեպքում հիմնադրամի կողմից միանվագ գումարից նվազեցման շրջանակը, աջակցության վճարման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 9 ամիս:

354