10 հունիսի, 2021թ. - Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային խորհուրդը ԱՃԹՆ-ի ստանդարտի 2.5-րդ՝ իրական սեփականատերերի բացահայտման պահանջի մասով Հայաստանի 1-ին փուլի վավերացման արդյունքներով ընդունել է հետևյալ որոշումը.

«Խորհուրդը ընդունում է, որ Հայաստանը «բավարարող առաջընթաց» է արձանագրել EITI ստանդարտի 2.5 պահանջի՝ Իրական սեփականատերերի բացահայտման սկզբնական չափորոշիչների իրականացման գծով: Խորհուրդը գովեստի է արժանացնում կառավարության, ընդերքօգտագործող ընկերությունների և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքը՝ իրական սեփականատերերի բացահայտման պատշաճ իրավական դաշտ և հաշվետվողական պրակտիկա ձևավորելու գործում:

Արդեն մշակման փուլում է գտնվում հանրային առցանց ռեգիստրը, որը առավել կբարելավի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը և օգտագործելիությունը: Ստանդարտի 2.5-րդ պահանջի իրականացման երկրորդ փուլում Հայաստանը պետք է ապահովի, որ ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող կամ դրա համար դիմող  բոլոր ընկերությունները  բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Արդյունահանող բոլոր ընկերությունների իրավական սեփականատերերը (մասնակիցները) համապատասխանորեն պետք է բացահայտվեն: Այդ առաջընթացը կգնահատվի Հայաստանի հաջորդ վավերացման ժամանակ, որը սկսվելու է 2023թ.-ի հուլիսի 1-ից:»

Միաժամանակ, վավերացման երկրորդ փուլին ընդառաջ՝ Խորհուրդը առաջարկում է Հայաստանին ամրապնդել 2.5-րդ պահանջի իրականացումը՝ 2022թ. հունվարից կիրառելով ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող կամ դրա համար դիմող  բոլոր ընկերություններների նաև իրավական սեփականատերերի (մասնակիցների), այդ թվում՝ փակ բաժնետիրական ընկերությունների մասնակիցների բացահայտման պահանջը:

Խրախուսվում է նաև, որ Հայաստանը շարունակի տվյալների ստուգման ընթացակարգերի և տվյալների որակի ամրապնդման աշխատանքները, այդ թվում` գործընթացների ավտոմատացման և ընդերքօգտագործող ընկերությունների հետ լրացուցիչ խորհրդակցությունների միջոցով:

2021թ. հունիսի 9-10-ը կայացած ԱՃԹՆ-ի 50-րդ խորհրդի նիստում որոշվեց, որ իրական սեփականատերերի պահանջի գծով վավերացում անցնող 4 երկրներից Հայաստանն ու Գերմանիան պահանջի սկզբնական չափորոշիչների իրականացման գործում ստացել են ամենաբարձր՝ «բավարարող (satisfactory) առաջընթաց» գնահատականը, Նիգերիան «զգալի (meaningful) առաջընթաց» գնահատականը, իսկ Նորվեգիան «ոչ ադեկվատ (inadequate)»  առաջընթաց է գրանցել:

Վավերացման համար հիմք է ծառայել Հայաստանի 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված առաջընթացը:

ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության կողմից հրապարակած ԱՃԹՆ-ի 2021 թվականի առաջընթացի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին,  որտեղ, մասնավորապես նշվել է.

«2017 թվականից դառնալով  ԱՃԹՆ-ի անդամ երկիր՝ Հայաստանը իրական սեփականատերերի թափանցիկության հարցում մշտապես  ցուցադրել է  ամուր հանձնառություն:  2018 թվականից սկսած  Հայաստանի կառավարությունը ամրապնդում է իրական սեփականատերերի բացահայտման իրավական դաշտը՝  երկրի հակակոռուպցիոն ավելի լայն օրակարգին համապատասխան: Հայաստանի ԱՃԹՆ-ն,  աշխատելով Համաշխարհային բանկի, Բաց կառավարման գործընկերության  (OGP), OpenOwnership կազմակերպության և տեղական գործընկերների հետ, ստեղծել է  բաց տվյալների սկզբունքներին համապատասխան գործող հանրային ռեգիստր,  որի փորձարկումն իրականացվեց  2021թ. սկզբին: Ընկերություններն իրական սեփականատերերի  հայտարարագրերը ներկայացնում են էլեկտրոնային համակարգի միջոցով, և ռեգիստրը այդպիսով հեշտացնում է իրական սեփականության վերաբերյալ ամբողջական  տեղեկատվության հավաքագրման գործընթացը: Այն նաև ավտոմատ կերպով ստուգում է մուտքագրվող մի շարք տվյալներ և հանրության համար մատչելի դարձնում տեղեկատվությունը»։

11 Հունիս, 2021 19:30
119
; ;