Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է 6-շաբաթյա վերապատրաստման դասընթաց: «Շախմատը նախադպրոցական հաստատություններում» խորագրով վերապատրաստման նպատակն է շախմատային նախնական գիտելիքները ներդնել երեխաների հետ տարվող աշխատանքներում:

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը ողջունել է վերապատրաստվող մանկավարժներին և փաստել` վերջին ժամանակներում բազմաթիվ երկրներ շախմատը ներառել են կրթական համակարգ` սկսելով նախադպրոցական տարիքից, ապա՝ դպրոց և բուհ. «Աշխարհի 152 երկիր հետաքրքրված է շախմատը կրթական համակարգ ներառելով: ՖԻԴԵ-ի և «Շախմատ» գիտահետազոտական կենտրոնի ջանքերով և այս վերապատրաստման շնորհիվ ակնկալում ենք մասնակիցներին զինել անհրաժեշտ գիտելիքներով ու մեթոդներով»:

Այս փուլում կվերապատրաստվի նախադպրոցական 3 ուսումնական հաստատության 14 մանկավարժ: Վերապատրաստվող խմբի անդամները համոզմունք են հայտնել, որ շախմատային գիտելիքները նախադպրոցականի հետ տարվող աշխատանքներում ներմուծելը միտված է ինքնուրույն մտածողություն ունեցող սերնդի ձևավորմանը:

 

655