Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, հրապարակել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատավճիռը։ Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագանձման։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նշենք, որ դատավճռի հրապարակման պահին Արսեն Դավթյանը գտնվել է ազատության մեջ, և նրա նկատմամբ ընտրված ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը դատարանի որոշմամբ կմնա անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Դատախազությունը Արբրահամյանի համար պահանջել էր 4 տարի, իսկ Արսեն Դավթյանի համար՝ 8 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում, այսինքն՝ դատարանը ամբաստանյալներին մեղավոր ճանաչելով իրենց վերագրվող արարքներում, նրանց համար սահմանել է ավելի մեղմ պատիժ։

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է, իսկ Արսեն Դավթյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։

Արսեն Դավթյանն, ըստ մեղադրանքի, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Այսպես, Արսեն Դավթյանը, 2018 թվականի մայիսի 23-ից զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը, մշտապես իրականացրել կազմակերպչական, տնօրինական, վարչատնտեսական գործառույթներ:

Որպես առողջապահության նախարարի տեղակալ՝ Դավթյանը լիազորված է եղել նաև իր համակարգած ոլորտի վերաբերյալ նախարարին ներկայացնել առաջարկներ: Դավթյանն առողջապահության նախարարի համապատասխան հրամանների համաձայն՝ ի պաշտոնե համակարգել է նաև մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքներն ու առողջապահական համակարգի՝ նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակատվածում, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Դավթյանին առաջարկել է կաշառք՝ նյութական առավելություն ստանալու դիմաց, վերջինիս պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով իրեն ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր օգտին որոշակի գործողություն կատարելուն, այն է՝ նպաստել առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող իր ղեկավարած կազմակերպության՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» 2019 թվականի պետական ֆինանսավորումը 2018-ի բյուջեի համամատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019 թվականի ընթացքում ֆինասնավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարի չափը չնվազեցնելուն, աշխատավարձային և բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:

Ընդունելով Աբրահամյանի առաջարկը՝ Դավթյանն, ըստ մեղադրանքի, նրա օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել է նաև «Մանկաբարձական բժշկական օգնություն» ծառայությունների ծրագրի «հղիության պաթոլոգիայի» բաժնում Աբրահամյանի ղեկավարած կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը հնարավորինս քիչ՝ 240 մլն դրամի փոխարեն շուրջ 110 մլն դրամ կրճատելուն և միջոցներ ձեռնարկել կազմակերպության աշխատավարձային բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն: Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի մարտի 30-ին Աբրահամյանը Դավթյանին վերջինիս աշխատասենյակում տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը` 3000 ԱՄՆ դոլար: Այսպիսով` Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենքգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալը: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը։

Աղբյուր՝ hetq.am

1085