
Տարբեր ահազանգեր ենք ստանում, որ սպառնալիքների տակ տարբեր համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներին ահաբեկելով և հաշվեհարդար տեսնելու խոստումով ստիպում են մասնակցել այսօրվա հանրահավաքին, իսկ հունիսի 20-ին իրենց քվեն տան հօգուտ "Հայաստան" դաշինքի:
Սա հերթական խայտառակ զազրելի արարքն է, որը փաստում է նախկին իշխանությունների ստոր բարքերի ու վարքագծի մասին, և ևս մեկ անգամ հաստատում, որ ժամանակն ու տարածությունն անզոր են նմանների առաջ։ Արյունով եկածը արյունով է արբում։ Ուզում եմ հիշեցնել, որ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 1-3 տարի ժամկետով։ Ոստիկանությունն արդեն իրազեկված է նաև մեր կողմից։
Սիրելի քաղաքացիներ, իսկապես դժվար է, երբ լսում ենք այս ճնշումների մասին։ Ձեր յուրաքանչյուր զանգ գրանցում ենք, իսկ խնդիրը փոխանցում համապատասխան մարմիններ։ Ձեր կամքին հակառակ ձեզ ստիպողներն այնքան ողորմելի են ու քաղաքական առումով կարճատես, որ չեն էլ պատկերացնում, թե ինչ զզվանք ու հակակրանք են առաջացնում ձեզ մոտ, որը դուք կնյութականացնեք ընտրության օրը։ Հունիսի 20-ից հետո բացվելու է հունիսի 21-ի առավոտը։ Վերադարձ անցյալին չի լինելու !!! Երբեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։