Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը հայ մարզիկների հաղթարշավը շարունակվում է:

Ռինգ դուրս եկած Հայաստանը ներկայացնող բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցկիցներին: 60 կգ քաշային ժորժիկ Մարությանը իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ: Առաջին երկու ռաունդներում հայ բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով մեծ առավելություն ուներ հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև Արմեն Մաշակարյանը, ում համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության մատնեց մոլդովացի Նիկոլա Բուկսային: Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պիոտր Բարտոզան:

1886