2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15.40-ին ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից մեկի պատուհանից կրակում են:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ արձակած անձը հանդիսանում է նույն շենքի բնակիչ, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «MR» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանից անկանոն կրակոցներ է արձակել դեպի օդ: Վերջինս խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են որսորդական հրացանի կրակված պարկուճներ:

Վերոհիշյալ տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստովանական ցուցմունք, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

21 Հունիս, 2021 17:55
928
; ;