Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլեւս անցյալում են։

Հունիսի 21-ին հայտնի դարձան ընտրությունների նախնական արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմելու եւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձեւավորելու է նոր կառավարություն։ Խորհրդարան է անցնելու նաեւ «Հայաստան» դաշինքը, իսկ «Պատիվ ունեմ»-ը, թեեւ չի հաղթահարել 7 տոկոսի շեմը, կլինի նոր խորհրդարանում, քանզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եւ «Հայաստան» դաշինքից հետո՝ երրորդ ամենաշատ քվեն ստացած ուժն է։

Araratnews.am-ը ներկայացնում է նոր կառավարության կազմավորման կարգը, ձևն ու ժամկետները։

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին

ՀՀ օրենքի համաձայն՝ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան:

Նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվելուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում առաջարկված թեկնածուին կառավարության անդամ նշանակելու վերաբերյալ: Իսկ եթե Հանրապետության նախագահը ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ ունի առարկություններ կամ կասկածներ, դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկված թեկնածուն համապատասխանում է կառավարության անդամի համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ: Իսկ եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեկնածուն չի համապատասխանում կառավարության անդամի համար Սահմանադրությամբ սահմանված պահանջներին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում առաջարկում է նոր թեկնածու:

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է կառավարության անդամների առնվազն երկու երրորդը:

Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Հանրապետության նախագահի հրամանագիրը հրապարակվում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում: Եթե Հանրապետության նախագահը սահմանված ժամկետներում չի ընդունում կառավարության անդամ նշանակելու մասին հրամանագիրը, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետը անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում կառավարության պաշտոնական կայքէջում:

Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում: Իրավունքի ուժով նշանակված կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ վարչապետի նստավայրում:

Կառավարության կազմավորումից հետո «ԱԺ Կանոնակարգ օրենք» Սահմանադրական օրենքի պահանջի համաձայն՝ վարչապետն Ազգային ժողովին քսանօրյա ժամկետում պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ազգային ժողովի նախագահը կառավարության ծրագրին հավանություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Եթե Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն չի տալիս, դա նշանակում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Կառավարության հրաժարականից հետո ամեն ինչ սկսվում է նորից, այսինքն՝ յոթնօրյա ժամկետում խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի նոր թեկնածուներ, և անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ազգային ժողովը արձակելու մյուս ճանապարհը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված չէ: Դա քաղաքական համաձայնության ճանապարհն է, եթե խորհրդարանական բոլոր ուժերը քաղաքական համաձայնությամբ վայր կդնեն մանդատները ու կգնան խորհրդարանական արտահերթ ընտրությունների:

Լյուսիյա Պետրոսյան

10095