Կառավարության այսօրվա որոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող «ՄԻԿԱ» մարզահամալիրը անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Կառավարությունն այսօր որոշում է ընդունել նաև մարզահամալիրը ներկայումս տնօրինող «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին: 

Որոշման հավելվածում նշված է, որ ընկերության լուծարման խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ընկերության մարզակառույցը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, որի հետևանքով հնարավոր չէ անցկացնել միջազգային և այլ բարձրակարգ մարզական միջոցառումներ: Մարզակառույցի թերծանրաբեռնվածության պատճառով, որը հետևանք է նաև համավարակի, խափանվել և ընկերության հետագա բնականոն գործունեությունը դարձել է անհնարին: Ոչ բավարար ֆինանսավորման պատճառով անհնար է դարձել պահպանել մարզակառույցի բարվոք վիճակը, վերանորոգել ու համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ապահովել ընկերության գործունեությունը:

Իսկ ՀՖՖ-ն ներկայացրել է 10-ամյա ներդրումային ծրագիր, համաձայն որի՝ կազմակերպությունը նախատեսում է մարզահամալիրի վերակառուցման համար կատարել 1.240.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ և  մարզադաշտը համապատասխանեցնել ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի մարզադաշտի:

24 Հունիս, 2021 16:59
92
; ;